Փաշինյանն ու Ասադովը կմասնակցեն Թբիլիսիի համաժողովին
8 ՀՈԿ 2025 09:05

Փաշինյանն ու Ասադովը կմասնակցեն Թբիլիսիի համաժողովին
8 ՀՈԿ 2025 09:05
Հոկտեմբերի 22-23-ը Թբիլիսիում կանցկացվի հեղինակավոր «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը, որին, ըստ կազմակերպիչների, իրենց մասնակցությունը կբերեն նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Այդ մասին հայտնում են վրացական աղբյուրները։ Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը կնախագահի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Արդեն հինգերորդ անգամ անցկացվող համաժողովը խոստանում է լինել աննախադեպ ներկայացուցչական։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ երկու հազար պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թվում են լինելու բարձրաստիճան քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների ղեկավարներ, համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Համաժողովի օրակարգի գլխավոր թեման լինելու է «Կայունության պայմաններում ներդրումներ կատարելը»։ Քննարկումների ընթացքում մասնակիցները կանդրադառնան գլոբալ առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի զարգացմանը, «Միջին միջանցքի» հեռանկարներին, ինչպես նաև էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի և այլ ոլորտների արդիական մարտահրավերներին։
Հատկանշական է, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և կազմակերպվում է երկու տարին մեկ, աստիճանաբար վերածվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումների համար կարևոր հարթակի։ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը համաժողովին մասնակցել են նաև 2023 թվականին։ Այն ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ նրանց միջև կայացել էր եռակողմ հանդիպում, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև այս տարվա համաժողովի նկատմամբ՝ հնարավոր նոր շփումների տեսանկյունից։
«Մետաքսի ճանապարհ» համաժողովին ՀՀ վարչապետի մասնակցության մասին տեղեկությունը պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել