Վաշինգտոնի փաստաթղթերից Հայաստանը ստացել է զրո. Ռոբերտ Քոչարյան
7 ՀՈԿ 2025 08:04

Վաշինգտոնի փաստաթղթերից Հայաստանը ստացել է զրո. Ռոբերտ Քոչարյան
7 ՀՈԿ 2025 08:04
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է իր գնահատականը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ՝ դրանք որակելով խիստ անբարենպաստ Հայաստանի համար և կասկածի տակ դնելով հաստատված խաղաղության կայունությունը։
Նրա վերլուծությամբ՝ կողմերն այս գործընթացից ստացել են հետևյալը. ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի և Իրանի հետ սահմանին փաստացի վերահսկողության հնարավորություն, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նոբելյան մրցանակի ներկայացվելու հեռանկար։
Ադրբեջանը ստացել է Հայաստանի տարածքով միջանցքի հնարավորություն, Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում։
Հայաստանը, ըստ Քոչարյանի, ոչինչ չի ստացել։ «Այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, զրո, միայն պրոբլեմներ», - նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը, ըստ երկրորդ նախագահի, ստացել է «մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»։
Քոչարյանը համոզված է՝ ձեռք բերվածը ոչ թե խաղաղություն է, այլ զինադադար, որը կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի տրամադրությունից։ «Այդ փաստաթղթերում և ընդհանրապես ոչ մի տեղ չկան երաշխիքներ, երաշխավորներ, մեխանիզմներ և խախտելու դեպքում ինչ է կատարվելու», - ընդգծել է նա։
Խոսելով ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին՝ Քոչարյանը նշել է երկու տարբերակ։ Առաջինը՝ փորձել ընդլայնել նախագծերը ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի համար օգուտներ ստանալով։ Եթե դա չհաջողվի, ապա պետք է անցնել երկրորդ տարբերակին. «Կարելի է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին և ասել՝ ճանապարհը մենք ինքներս կկառուցենք, այն նախկինի պես կկրի «Թրամփի ուղի» անվանումը, բայց դրա նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետությունը»։
Ըստ նրա՝ սա կլուծի շատ կարևոր խնդիր՝ կապված Իրանի հետ, քանի որ ամերիկյան վերահսկողությունը Հայաստանի և Իրանի սահմանին չափազանց ռիսկային է Երևանի համար։ «Իրանը 7 սահման ունի տարբեր պետությունների հետ, և միայն Հայաստանի հետ սահմանին կհայտնվեն ամերիկացիներ։ Բրավո՛։ Եթե որևէ մեկը մտածում է, որ Իրանում երջանիկ են սրա համար, խորը հիասթափություն պետք է ապրեն», - զգուշացրել է Քոչարյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել