Զելենսկին և Թրամփը ՄԱԿ-ում քննարկել են պատերազմն ու խաղաղությունը
24 ՍԵՊ 2025 06:26

Զելենսկին և Թրամփը ՄԱԿ-ում քննարկել են պատերազմն ու խաղաղությունը
24 ՍԵՊ 2025 06:26
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նպատակ ունենալով համոզել նրան ավելի վճռականորեն աջակցել Կիևի ռազմական ջանքերին և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։
Հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում տպավորիչ չեն։ «Նրանց համար սա պետք է արագ լիներ։ Կարծես թե, սա երկար ժամանակ չի ավարտվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Առավել կարևոր էր Թրամփի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ։ Նա հայտարարել է. «ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք ներխուժեն իրենց օդային տարածք»։ Սակայն, երբ լրագրողը ճշտող հարց է տվել, թե արդյոք կաջակցի՞ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նման քայլի դեպքում, Թրամփը պատասխանել է ավելի զգուշավոր. «Կախված է հանգամանքներից»։
Ուշագրավ էր նաև նրա պատասխանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ վստահության մասին հարցին։ Թրամփը խուսափել է ուղիղ պատասխանից՝ ասելով. «Պատասխանը կտամ մոտ մեկ ամսից»։
Ուկրաինական պատվիրակության աղբյուրի համաձայն՝ Զելենսկու համար հանդիպման առանցքային նպատակներից էր Թրամփի խաղաղասիրական ջանքերի շրջանակներում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպման կազմակերպումը։ Թրամփը պաշտպանում է Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր հանդիպման գաղափարը, որին, հնարավոր է, մասնակցի նաև ինքը։ Սակայն Մոսկվան հայտարարել է, որ նման հանդիպում նախատեսված չէ։
Հանդիպման սկզբում Զելենսկին լրագրողներին ասել էր, որ «լավ նորություններ» ունի հայտնելու ռազմաճակատից։ Իր հերթին, Թրամփը լրագրողներին հայտնել էր. «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այն պայքարին, որը մղում է Ուկրաինան։ Դա բավականին զարմանալի է»։
Հիշեցնենք, որ Կիևն այժմ չի ակնկալում ԱՄՆ-ից ուղղակի նոր ռազմական օգնություն։ Նրա ռազմական ջանքերի հաջողություններն այս պահին մեծապես կախված են ԱՄՆ-ի հետախուզական տվյալների փոխանակումից և այն նոր մեխանիզմից, որը թույլ է տալիս Եվրոպային գնել ամերիկյան զենքեր, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել