Թրամփ-Պուտին գագաթաժողովը հետաձգվել է
Գրանցվել
Գրանցվել
Թրամփ-Պուտին գագաթաժողովը հետաձգվել է
22 ՀՈԿ 2025 05:43
Թրամփ-Պուտին գագաթաժողովը հետաձգվել է

Թրամփ-Պուտին գագաթաժողովը հետաձգվել է

22 ՀՈԿ 2025 05:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովը հետաձգվել է այն բանից հետո, երբ Մոսկվան մերժել է Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու առաջարկը՝ հարցականի տակ դնելով բանակցային գործընթացի հեռանկարները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
«Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև մոտ ապագայում հանդիպման ծրագրեր չկան», - Reuters-ին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Այս հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև կայացած «արդյունավետ հեռախոսազրույցը», որից հետո, սակայն, կողմերը որոշել են հրաժարվել առերես հանդիպումից։ Այդ հանդիպումը պետք է նախապատրաստեր նախագահների գագաթնաժողովը։
Թրամփը, մեկնաբանելով իրավիճակը, լրագրողներին ասել է, որ չի ցանկանում «անիմաստ հանդիպում» ունենալ, սակայն ակնարկել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում հնարավոր են նոր զարգացումներ։
Գագաթնաժողովի ձախողման հիմնական պատճառը Ռուսաստանի անզիջում դիրքորոշումն է։ Ըստ ամերիկացի երկու պաշտոնյաների՝ Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել ոչ պաշտոնական հուշագիր, որով վերահաստատել է խաղաղության իր երկարամյա պայմանները։ Մասնավորապես, Ռուսաստանը պահանջում է ամբողջական վերահսկողություն Դոնբասի տարածաշրջանի նկատմամբ՝ փաստացի մերժելով Թրամփի առաջարկը՝ հրադադար հաստատել ռազմաճակատի ներկայիս գծով։
Այս իրավիճակը մտահոգել է եվրոպացի դաշնակիցներին։ Եվրոպական տերությունների, այդ թվում՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խստորեն աջակցել են նախագահ Թրամփի դիրքորոշմանը, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և որ շփման ներկայիս գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետ»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու և այս հարցում Եվրոպայի միասնական դիրքորոշումը ներկայացնելու համար։
Եվրոպացի դիվանագետները նշում են, որ Ռուբիո-Լավրով հանդիպման հետաձգումը նշան է, որ ամերիկյան կողմը պատրաստ չէ գագաթնաժողովի գնալ, քանի դեռ Մոսկվան զիջումների չի գնում։ «Կարծում եմ՝ ռուսները չափազանց շատ բան էին ուզում, և ամերիկացիների համար ակնհայտ դարձավ, որ Բուդապեշտում Թրամփի համար գործարք չի լինի», - ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել