Թրամփի ուղին Հայաստանում. Պատվիրակություններ
Գրանցվել
Գրանցվել
«Թրամփի ուղին» գործնական փուլում է. Պապոյան
11 ՍԵՊ 2025 06:01
«Թրամփի ուղին» գործնական փուլում է. Պապոյան

«Թրամփի ուղին» գործնական փուլում է. Պապոյան

11 ՍԵՊ 2025 06:01
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարն անդրադարձել է նաև «Թրամփի ուղի» նախագծին, որի ստեղծման վերաբերյալ հռչակագիր են ստորագրել Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը: Նա նշել է, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասում են տարբեր պատվիրակությունների. կլինի պատվիրակություն ամերիկյան կողմից, նաև թուրքական կողմից սպասվում է Սերդար Քըլըչի այցը, որը Թուրքիայի կառվարության հատուկ ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ ամերիկյան կողմը կգա, կծանոթանա, հողի վրա հաշվարկներ կիրականացնի: «Եվ կմտնենք պրակտիկ փուլ, որի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ»,-նշել է էկոնոմիկայի նախարարը: «Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է»,-ասել է Պապոյանը՝ հավելելով, թե զարմանքի արժանի է, որ փակ սահմանների պայմաններում այսքան տնտեսական աճ է գրանցվել:
Տարբեր գնահատականներ կան, թե ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսական աճը որքան կկազմի: Նախարարի խոսքով՝ հիմա հետազոտություններ են պատվիրել: Ակնկալվում է, որ մի շարք ապրանքների գներ կարող են իջնել, քանի որ դրանք Հայաստան հասցնելու լոգիստիկ ծախսերն են էականորեն կրճատվելու։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել