Թայվան. Ճապոնիայի խոսքը և Պեկինի արձագանքը
Թայվանի մասին Ճապոնիայի վարչապետի «պատահական» խոսքը Պեկինը չի անտեսի
20 ՆՈՅ 2025 12:22
Թայվանի մասին Ճապոնիայի վարչապետի «պատահական» խոսքը Պեկինը չի անտեսի

Թայվանի մասին Ճապոնիայի վարչապետի «պատահական» խոսքը Պեկինը չի անտեսի

20 ՆՈՅ 2025 12:22
Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչիի մեկ անզգույշ արտահայտությունը վերջին տարիների ամենալուրջ ճգնաժամն է հրահրել հզոր հարևանի՝ Չինաստանի հետ հարաբերություններում։ Թեև, ըստ ճապոնացի պաշտոնյաների, վարչապետի խոսքերը նախապես ծրագրված չեն եղել և չեն արտահայտել Տոկիոյի քաղաքականության կոշտացում, դրանք արդեն իսկ հանգեցրել են տնտեսական և դիվանագիտական լուրջ լարվածության, որի լուծման ուղիներ առայժմ չեն ուրվագծվում։
Ճգնաժամի պատճառը դարձել է խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցին Տակաիչիի ոչ շաբլոնային պատասխանը։ Նա բացահայտ խոսել է այն մասին, որ Թայվանի վրա Չինաստանի հիպոթետիկ հարձակման դեպքում Ճապոնիան կարող է ռազմական պատասխան տալ։ Այս հայտարարությունը խախտել է Տոկիոյի և նրա գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի կողմից երկար տարիներ որդեգրած «ռազմավարական երկիմաստության» քաղաքականությունը, որը մինչ այժմ թույլ էր տալիս խուսափել նման սցենարների հանրային քննարկումից։
Թեև Ճապոնիայի կառավարությունում ընդունում են, որ «ավելի լավ կլիներ չասել դա», միևնույն ժամանակ պնդում են, որ ասվածը սխալ չէ, և իրենք չեն կարող հետ վերցնել այդ խոսքերը։ Այս անզիջում դիրքորոշումը միայն խորացնում է ճգնաժամը, քանի որ Պեկինի հիմնական պահանջը հենց հայտարարության հերքումն է։
Չինաստանի պատասխանը չի ուշացել և արտահայտվում է Ճապոնիայի տնտեսության վրա ճնշում գործադրելու քայլերով։ Դրանք ներառում են զբոսաշրջային ուղևորությունների բոյկոտ, ճապոնական ծովամթերքի ներկրման դադարեցում, ինչպես նաև դիվանագիտական և մշակութային միջոցառումների չեղարկում։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ միայն զբոսաշրջության ոլորտում կորուստները կարող են գերազանցել տարեկան 14 միլիարդ դոլարը։ Ավելի մեծ մտավախություն կա, որ Չինաստանը կսահմանափակի հազվագյուտ հողային մետաղների մատակարարումը։ Ճապոնիայի համար սա լուրջ սպառնալիք է, քանի որ այդ մետաղների 60%-ը հենց չինաստանից է ներկրում։
Լարվածությունը նկատելի է նաև դիվանագիտական հարթակում։ Չինացի բարձրաստիճան պաշտոնյան, Պեկինում ընդունելով իր ճապոնացի գործընկերոջը, ոչ միայն բանակցությունները որակել է «լուրջ», այլև իր հագուստով ուղերձ է հղել։ Նրա կոստյումի ոճը կապվում է 1919 թվականին ճապոնական իմպերիալիզմի դեմ չինացի ուսանողների ապստամբության հետ։
Փորձագետները կանխատեսում են հարաբերությունների «երկարատև ձմեռ», որը կարող է շարունակվել Տակաիչիի պաշտոնավարման ողջ ընթացքում։ Ճապոնացի պաշտոնյաներն ընդունում են, որ ներկայում «բարելավման համար նույնիսկ մեկնարկային կետ չկա»՝ իրավիճակը որակելով փակուղային։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար