Պուտին-Շարաա հանդիպում․ օրակարգում Ասադի հարցն է
15 ՀՈԿ 2025 09:23

Պուտին-Շարաա հանդիպում․ օրակարգում Ասադի հարցն է
15 ՀՈԿ 2025 09:23
Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն, ինչպես հայտնում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, պաշտոնական օրակարգի հետ մեկտեղ, սպասվող հանդիպումը կարող է դառնալ չափազանց լարված՝ սիրիական կողմի սկզբունքային պահանջի պատճառով։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, երկու պետությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի միջև կապերի զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Բանակցությունների մեկ այլ թեմա է լինելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Սիրիական SANA գործակալությունը, իր հերթին, նշել է, որ այցի նպատակն է «երկկողմ հարաբերությունների վերակազմակերպումը» և «քաղաքական ու տնտեսական համագործակցության հեռանկարների ուսումնասիրությունը»։
Սակայն, ըստ Reuters-ի և Al Wakeel News-ի աղբյուրների, բանակցությունների առանցքային և ամենասուր հարցը լինելու է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագիրը։ Աղբյուրները պնդում են, որ նախագահ Ահմեդ աշ-Շարաան Պուտինից պահանջելու է արտահանձնել Բաշար ալ-Ասադին, որն իր ռեժիմի անկումից հետո քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում։ Սիրիական նոր իշխանությունները մտադիր են Ասադին դատարանի առաջ կանգնեցնել՝ նրա կառավարման տարիներին ենթադրյալ հանցագործությունների համար։
Բացի Ասադի արտահանձնման հարցից, ըստ Al Wakeel News-ի սիրիական աղբյուրի, կողմերը կքննարկեն նաև Սիրիայում ռուսական ռազմական ներկայության հարցը, մասնավորապես՝ Տարտուսի ռազմածովային բազայի և Հմեյմիմ ավիաբազայի կարգավիճակը։ Այնպես որ՝ Մոսկվան ու Դամասկոսը քննարկելու, սակարկելու թեմաներ ունեն։
Հիշեցնենք, որ Ահմեդ աշ-Շարաան Սիրիայի ղեկավարությունը ստանձնել է 2024 թվականի դեկտեմբերին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Այս տարվա փետրվարին Պուտինի և աշ-Շարաայի միջև տեղի էր ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում ռուսական կողմը հայտարարել էր, որ աջակցում է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանը և կայունությանը։ Առաջիկա բանակցությունները ցույց կտան, թե որքանով են համընկնում Մոսկվայի և Դամասկոսի նոր իշխանությունների շահերը այս առանցքային հարցերում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել