TRIPP-ը նոր հնարավորություններ կտա նաև ԱՊՀ երկրներին. Փաշինյանը՝ Դուշանբեում
10 ՀՈԿ 2025 10:01

TRIPP-ը նոր հնարավորություններ կտա նաև ԱՊՀ երկրներին. Փաշինյանը՝ Դուշանբեում
10 ՀՈԿ 2025 10:01
Դուշանբեում կայացած Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հիմքերն ու դրա բացած նոր հորիզոնները ոչ միայն երկու երկրների, այլև ողջ ԱՊՀ տարածաշրջանի համար։
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում առանցքային տեղ հատկացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտության ավարտին՝ նշելով, որ խաղաղության գործընթացում հիմնարար դեր է խաղացել հենց ԱՊՀ ստեղծման իրավական հիմքը։ «Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը», - հայտարարեց նա։
Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ ՀՀ ղեկավարն անդրադարձավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կայացած գագաթնաժողովին, որի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր։ Նա մեջբերեց փաստաթղթի առանցքային դրույթներից մեկը. «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»։
Ելույթի կարևորագույն մասերից էր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին նվիրված հատվածը։ Վարչապետը շեշտեց, որ Վաշինգտոնի հռչակագրով կողմերը վերահաստատել են հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման սկզբունքների վրա։ «TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նշանակալի հանգամանք է, որը կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը։ «TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար», - հայտարարեց նա՝ ուղիղ ուղերձ հղելով գագաթնաժողովի մասնակիցներին։
Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ դեռևս մարտ ամսին Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում։ Այս փաստաթուղթը ևս հղում է կատարում Ալմա-Աթայի հռչակագրին և հստակ ամրագրում, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են անկախ պետությունների միջազգային սահմաններ։
«Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են», - պարզաբանեց ՀՀ վարչապետը։
Որպես արդեն իսկ ձեռք բերված շոշափելի արդյունք՝ նա նշեց 2024 թվականին ստորագրված և վավերացված «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը, որի հիման վրա արդեն իսկ սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 12 կիլոմետրանոց հատված՝ դարձյալ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
Եզրափակելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ թեև խաղաղությունը չի նշանակում օրակարգային բոլոր հարցերի սպառում, սակայն այն ամուր հիմք է ստեղծում դրանք աստիճանաբար լուծելու համար։ Նա խաղաղության հաստատման կապակցությամբ շնորհավորեց ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին։ «Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել