Արման Թաթոյանը պատրաստվում է մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին
9 ՀՈԿ 2025 11:08

Արման Թաթոյանը պատրաստվում է մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին
9 ՀՈԿ 2025 11:08
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը պաշտոնապես հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու և իր ղեկավարած «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին։ Նորաստեղծ ուժը նպատակ ունի մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Իր որոշումը Թաթոյանը բացատրեց ստեղծված քաղաքական իրավիճակով՝ այն համարելով անխուսափելի քայլ։ «Ինձ երկար ժամանակ հարցնում էին, թե ինչո՞ւ քաղաքական կյանքում ավելի մեծ դերակատարում չեմ ստանձնում։ Ահա եկավ այն ժամանակը, երբ դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ»,- իր բացման խոսքում ասաց նա՝ ընդգծելով, որ այլևս չի կարող սահմանափակվել զուտ փորձագիտական դիտարկումներով և պետք է գործնական քայլեր ձեռնարկի։
Թաթոյանը շեշտեց, որ իր և իր թիմակիցների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանը։ «Կփորձեմ ժողովրդի ու պետության պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից», - նշեց Թաթոյանը։
Նախաձեռնության անվան խորհուրդը, ըստ նրա, համախմբման և փոխադարձ աջակցության գաղափարն է։ ««Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք, իրար վեր բարձրացնենք, հայ ժողովրդի միասնություն ու համերաշխություն Հայաստանում ու Սփյուռքում»։
Նախաձեռնությունն ունի նաև իր խորհրդանիշը՝ թևավոր ցուլը, որը, ըստ Թաթոյանի, ունի խորը իմաստ։ «Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են մեզ առաջնորդող յոթ արժեքները։ Իսկ ցուլը խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետևողականություն, համառություն, համբերություն ու հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ շարժվելու ենք առաջ»,- պարզաբանեց նա։
Իր ելույթում նախկին օմբուդսմենն անդրադարձավ նաև պարտության հաղթահարման և ապագայի տեսլականի հարցերին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է կառուցել նոր պատմություն՝ հիմնված արժանապատիվ վերականգնման վրա։ «Մեր այսօրվա պարտությունը պատմության ավարտը չէ, մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես պետք է արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել, ինչպես կրկին դառնալ միասնական երկիր։ Մեզ պետք է համերաշխություն ու միավորում պառակտումից հետո»,- նշեց նա։
Թաթոյանի խոսքով՝ շարժման գլխավոր նպատակներից է անցյալի սխալներից դասեր քաղելով՝ կառուցել պարզ և հստակ ապագա՝ զերծ նախկինի բեռից։ «Անցյալի փոխարեն մեզ պետք է ապագա, մենք ունենք ապագայի կարիք, պարզ ապագա, որ հիմնված չէ նախկինի սխալները կոծկելու կամ նախկինում իր լավ լինելը ապացուցելու մղումների վրա։ Հենց սրա համար է մեզ պետք միասնություն։ Մեր երեխաները, մենք չպետք է կրենք անցյալի բեռը, բայց պետք է անցյալով խրատվենք, դասեր քաղենք ու թույլ չտանք, որ սխալները կրկնվեն»,- ամփոփեց նախաձեռնության ղեկավարը։
Թաթոյանը համագործակցության կոչ է արել բոլոր կարող անհատներին, որոնք իրապես մտահոգ են Հայաստանում և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններով։ Արդեն հայտնի է, որ Արման Թաթոյանի քաղաքական թիմում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Ցանկը, սակայն, ըստ էության դեռ բաց է մնում՝ համալրելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել