Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է․ Փաշինյան
24 ՀՈԿ 2025 06:32

Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է․ Փաշինյան
24 ՀՈԿ 2025 06:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այցելելով Հակակոռուպցիոն կոմիտե՝ կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձի և ծառայողի օրվա առթիվ, հանդես է եկել ծավալուն ելույթով՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունն ու առկա մարտահրավերները։ Նա հակակոռուպցիոն պայքարը բնորոշել է որպես «քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկը», միաժամանակ խոստովանելով, որ այս ճանապարհին ի հայտ են եկել նոր և անսպասելի հարցեր։
«Այն միջավայրում, որը կար 2018 թվականին, թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետև առանց քաղաքական կամքի որևէ հարց հնարավոր չէ լուծել», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ քաղաքական կամքի արտահայտման համար էլ ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Փաշինյանը մանրամասն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են արդյունավետ պայքարին։ Նա նշել է, որ եթե կոռուպցիայի մակարդակը երկրում բարձր է եղել, նշանակում է՝ դրանում ներգրավված են եղել բազմաթիվ մարդիկ։ Այս համատեքստում նա մատնանշել է դատական, իրավական և պետական համակարգերում գործող անձանց միջև առկա անձնական կապերի՝ բարեկամության, ընկերության և ծանոթության գործոնի ազդեցությունը քրեական գործերի ընթացքի վրա։
«Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը, մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը... որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես», - նշել է երկրի ղեկավարը։ Վարչապետը կապ է տեսել տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի և իրավապահ մարմինների, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության միջև։ Նրա խոսքով, անկայունությունն ու լարվածությունը շեղում են քննիչների, դատախազների և դատավորների ուշադրությունը իրենց հիմնական գործից։ «Իմ գնահատմամբ՝ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունն ավելի շատ հնարավորություն է տալիս, այդ թվում՝ քննչական մարմիններին, կենտրոնանալ իրենց գործի վրա», - ընդգծել է նա։
Վարչապետը նաև անդրադարձել է սոցիալական ցանցերի ազդեցությանը և քննիչների դեմ հասցեական հարձակումներին՝ նշելով, որ իրավապահ համակարգն արդեն հարմարվել է այս նոր իրողություններին։
Անդրադառնալով գաղտնալսումների շուրջ հանրային քննարկումներին՝ Փաշինյանը հաստատել է, որ կառավարությունը ներդրումներ է կատարում օպերատիվ մարմինների տեխնիկական կարողությունների զարգացման ուղղությամբ։ «Հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, և եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ողջ պայքարը կձախողվի», - ասել է նա՝ հավելելով, որ սա թույլ կտա ստեղծել ծանրակշիռ փաստական բազա՝ անկախ անձանց ցուցմունքներից։
Եզրափակելով խոսքը Փաշինյանը վերահաստատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու։ «Մեր նպատակն այն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները», - եզրափակել է վարչապետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել