ԱԹՍ-ները Լեհաստանում. Բելառուսի պնդումները
Գրանցվել
Գրանցվել
ԱԹՍ-ները մոլորվել են Լեհաստանում․ Պավել Մուրավեյկո
10 ՍԵՊ 2025 09:13
ԱԹՍ-ները մոլորվել են Լեհաստանում․ Պավել Մուրավեյկո

ԱԹՍ-ները մոլորվել են Լեհաստանում․ Պավել Մուրավեյկո

10 ՍԵՊ 2025 09:13
Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով նաև ռուսական ԱԹՍ-ների՝ Լեհաստանի օդային տարածք մտնելու փաստին։
«Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գիշերային փոխադարձ հարվածների փոխանակման ընթացքում անօդաչու թռչող սարքերով, Բելառուսի Հանրապետության հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերն ու միջոցները մշտապես հետևել են այն անօդաչու սարքերին, որոնք կորցրել էին իրենց ուղղությունը կողմերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով:
Կորած անօդաչու սարքերից մի մասը ոչնչացվել է մեր երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ հանրապետության տարածքում: Հաշվի առնելով առկա փոխգործակցության ուղիները՝ սեպտեմբերի 9-ի ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում, մեր հերթապահ ուժերն ու միջոցները Լեհաստանի և Լիտվայի Հանրապետության հերթապահ ուժերի ու միջոցների հետ տեղեկատվություն են փոխանակել օդային և ռադիոլոկացիոն իրավիճակի մասին: Այդպիսով, նրանք տեղեկացվել են անհայտ թռչող սարքերի՝ իրենց երկրների տարածքին մոտենալու մասին:
Սա թույլ է տվել լեհական կողմին օպերատիվ կերպով արձագանքել անօդաչու սարքերի գործողություններին՝ օդ բարձրացնելով իր հերթապահ ուժերը»,- հայտարարել է Պավել Մուրավեյկոն՝ հավելելով, որ լեհական կողմը նույնպես տեղեկացրել է Բելառուսի Հանրապետության հերթապահ մարտական հաշվարկներին Ուկրաինայի տարածքից Բելառուսի Հանրապետության սահմանին մոտեցող չպարզված թռչող սարքերի մասին:
Կիևից հակադարձում են պնդումներին, թե ռուսական ԱԹՍ-ները սխալմամբ են հայտնվել Լեհաստանում։ Ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, թե Կրեմլը պատրաստվել է Լեհաստանի վրա անօդաչու սարքերի հարձակումներին հուլիսից և ռուսական անօդաչու սարքերում արդեն ֆիքսվել են լեհական SIM-քարտեր։
Defense Express-ը գրում է, որ ռուսները վաղուց օգտագործում են 4G-մոդեմներ SIM-քարտերով՝ իրենց անօդաչու սարքերից հետախուզական տեղեկատվություն փոխանցելու համար, իսկ Ուկրաինայում խոցված ռուսական ԱԹՍ-ներում լեհական SIM-քարտեր նկատվել են դեռ հուլիսի սկզբին, ինչի մասին Վարշավան նախազգուշացվել է: Այդ մասին գրել է նաև լեհ լրագրող Մարեկ Բուձիշը՝ դեռ հուլիսի 10-ին: «Ուկրաինացիները հայտնում են, որ խոցված ռուսական հարվածային անօդաչու սարքերում հայտնաբերվել են Լեհաստանից և Լիտվայից SIM-քարտեր:
Նրանք կարծում են, որ սա կարող է վկայել երկու երկրների ուղղությամբ հարձակման միջանցքների փորձարկման նախապատրաստության մասին, քանի որ հայտնի է, որ նրանք օգտագործում են հեռահաղորդակցության ցանցերը անօդաչու սարքերի թռիչքի հետագծի շտկման համար: Կամ դրանք կարող են ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի արևմուտքում: Լեհական հետախուզական ծառայությունների խնդիրն է պարզել, թե ով է գնել SIM-քարտերը, քանի որ գնումից հետո պահանջվում է գրանցում», - նշել է լրագրողը:
Թե որքանով է Լեհաստանը հավատում Բելառուսի անկեղծությանը՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, լեհական աղբյուրները հաղորդում են այն մասին, որ սեպտեմբերի 10-ի առավոտյան լեհական ռազմական տեխնիկայի շարժ է նկատվում դեպի Բելառուսի հետ սահմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել