ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը ՌԴ-ին. Լավրովի հայտարարությունը
ՌԴ-ն ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագրի նախագիծը․ Լավրով
25 ՆՈՅ 2025 10:37
ՌԴ-ն ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագրի նախագիծը․ Լավրով

ՌԴ-ն ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագրի նախագիծը․ Լավրով

25 ՆՈՅ 2025 10:37
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հաստատել է, որ ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով արդեն իսկ ստացել է ԱՄՆ-ի կողմից մշակված խաղաղության նախնական ծրագիրը։ Սակայն, ինչպես պարզաբանել է Լավրովը, խոսքը դեռևս ոչ պաշտոնական փաստաթղթի մասին է, և նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ծրագիրը Ռուսաստանին առայժմ չի փոխանցվել։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ստացված տեքստը վերջնական չէ և պարունակում է կետեր, որոնք լրացուցիչ աշխատանքի կարիք ունեն։ Ըստ Լավրովի՝ այդ ծրագրում տեղ գտած մի շարք ձևակերպումներ հստակեցման և պարզաբանման անհրաժեշտություն ունեն, ինչը ենթադրում է, որ փաստաթուղթը դեռևս գտնվում է մշակման փուլում։
Մոսկվայի դիրքորոշումն այս պահին սպասողական է։ Կրեմլը Վաշինգտոնից ակնկալում է փաստաթղթի այնպիսի տարբերակ, որը ամերիկյան կողմը կհամարի «միջանկյալ»՝ ավարտված համարելով համաձայնեցման գործընթացը դաշնակիցների հետ։ Լավրովը մանրամասնել է, որ նախքան Ռուսաստանին պաշտոնական առաջարկ ներկայացնելը, Միացյալ Նահանգները պետք է ավարտին հասցնի տեքստի համաձայնեցման փուլը եվրոպական գործընկերների և ուկրաինական կողմի հետ։ Միայն երեք կողմերի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև ձեռք բերված կոնսենսուսից հետո Մոսկվան պատրաստ կլինի դիտարկել առաջարկը։
Այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն իսկ առաջ է քաշում հստակ նախապայմաններ կամ, այսպես կոչված, «կարմիր գծեր»։ Սերգեյ Լավրովը հատուկ շեշտադրում է կատարել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն ունի «Անքորիջի ոգու և տառի» պահպանումը։ Խոսքն այն առանցքային ըմբռնումների և պայմանավորվածությունների մասին է, որոնք ֆիքսվել են այդ հանդիպման շրջանակներում։
Նախարարը հստակ հասկացրել է, որ եթե ամերիկյան կողմի ներկայացրած վերջնական կամ միջանկյալ ծրագրից դուրս մնան կամ ջնջվեն Անքորիջի հիմնարար դրույթները, ապա իրավիճակը կփոխվի արմատապես։
«Այդ դեպքում, իհարկե, դա կլինի սկզբունքորեն այլ իրավիճակ»,- նշել է Լավրովը՝ ակնարկելով, որ առանց այդ առանցքային կետերի պահպանման՝ խաղաղության ծրագիրը կարող է Ռուսաստանի համար ընդունելի չլինել։
Լավրովը նաև կարգավորման գործընթացում Եվրոպայի դերին է անդրադարձել։ Այս պահին Մոսկվան Եվրոպային այդ հարցում առաջատար դերակատար չի դիտարկում․ Լավրովի խոսքով, Եվրոպան ունեցել է կարգավորման տարբերակներ առաջ քաշելու հնարավորություններ, բայց ձախողել է դրանք։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար