Ռուսաստանը հարվածել է Կիևին, Ուկրաինան՝ ռուսական նավթային տերմինալներին
14 ՆՈՅ 2025 06:43

Ռուսաստանը հարվածել է Կիևին, Ուկրաինան՝ ռուսական նավթային տերմինալներին
14 ՆՈՅ 2025 06:43
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը նոր թափ է հավաքել՝ գիշերվա ընթացքում փոխադարձ զանգվածային հարվածների արդյունքում։ Ռուսական զորքերը համակցված հարձակում են իրականացրել Կիևի ուղղությամբ՝ կիրառելով տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Ռուսաստանի կարևորագույն նավթային ենթակառուցվածքները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ գիշերային հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է երեք մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կան երկու երեխա՝ 7 և 10 տարեկան, ինչպես նաև հղի կին։ Ինը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Կլիչկոն հավելել է, որ փրկարարները շարունակում են աշխատանքները, և զոհերի թիվը կարող է ճշտվել, քանի որ փլատակների տակից դեռևս չի հաջողվել դուրս բերել մեկ մարմին։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման արդյունքում վնասվել է մոտ 30 բնակելի շենք քաղաքի բոլոր թաղամասերում։ Հարվածների հիմնական թիրախը եղել են Կիևի և մարզի էներգետիկ օբյեկտները։ Բեկորներն ընկել են Դարնիցկի շրջանի հիվանդանոցի և Գոլոսեևսկի շրջանի մանկապարտեզի տարածքում։ Դեսնյանսկի շրջանում զոհվել է տարեց կին, իսկ ջերմատարների վնասվելու հետևանքով մասամբ դադարեցվել է ջեռուցումը։
Բացի այդ, առավոտյան Ռուսաստանը Ղրիմից «Ցիրկոն» գերձայնային հրթիռով հարվածել է Սումի քաղաքին։ Սա այս տեսակի հրթիռի 15-րդ կիրառումն է։ Իսկ ուկրաինական անօդաչուները գրոհել են Ռուսաստանի մի շարք կարևորագույն օբյեկտներ։ Նովոռոսիյսկում հզոր պայթյուն է տեղի ունեցել «Շեսխարիս» նավթային տերմինալում, որը «Տրանսնեֆտ» ընկերության խողովակաշարերի վերջնակետն է և ռազմավարական հանգույց՝ Սև ծովով ռուսական նավթի և նավթամթերքների արտահանման համար։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաստատել է տերմինալի խոցումն ու հրդեհի բռնկումը։ Նախնական տվյալներով՝ տուժել է նավի անձնակազմի երեք անդամ, նրանք հոսպիտալացվել են։ Վնասվել են նաև ափամերձ կառույցները։
Միաժամանակ, հարձակման տակ է հայտնվել նաև Սարատովը, որտեղ, ըստ տեղեկությունների, խոցվել է տեղի նավթավերամշակման գործարանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել