Փաշինյանն առաջարկում է ստեղծել երդվյալ ատենակալների ինստիտուտ
23 ՍԵՊ 2025 10:00

Փաշինյանն առաջարկում է ստեղծել երդվյալ ատենակալների ինստիտուտ
23 ՍԵՊ 2025 10:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով՝ ներկայացնելով իր տեսլականը երկրում ժողովրդավարության որակի, մարտահրավերների և անելիքների վերաբերյալ։ Նա ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «բացառիկ»՝ պնդելով, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության պաշտպանն ու այդ արժեքների կրողը հենց իշխանությունն է։
Իր խոսքը հիմնավորելու համար վարչապետը թվարկել է 2018 թվականից ի վեր արձանագրված ձեռքբերումները։ «2018 թվականից այս կողմ Հայաստանում որևէ ընտրություն կեղծվե՞լ է։ Ես կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ՝ ոչ։ Այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարո՞ղ է տեսակետ արտահայտել ցանկացած բանի մասին։ Ես կարծում եմ՝ այո։ Հայաստանում մամուլը գործո՞ւմ է ազատորեն։ Ես կարծում եմ՝ այո, գործում է ազատորեն», - ընդգծել է Փաշինյանը՝ նշելով նաև համացանցի լիակատար ազատությունը։
Կարդացեք նաև՝
Սակայն, ժողովրդավարական ձեռքբերումների հետ մեկտեղ, վարչապետը խիստ քննադատության է ենթարկել հանրային-քաղաքական կյանքում արմատացած հայհոյախոսության մշակույթը՝ այն համարելով ժողովրդավարության դեմ ուղղված սպառնալիք։ Նա մեղադրել է քաղաքացիական հասարակությանը այս երևույթի դեմ չպայքարելու մեջ՝ նշելով, որ շատերը «ժողովրդավարությունը շահագործում են», բայց չեն պաշտպանում այն։ «Ժողովրդավարությունը մանկահասակ երեխայի հասցեին սեռական հայհոյանքներ տա՞լն է։ Ո՞վ է վեր կացել և դատապարտել սա», - հարցրել է նա։
Ելույթի առանցքային թեզերից էր դատական համակարգի խորքային խնդրի բարձրաձայնումը։ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդավարության մեծագույն պրոբլեմն այն է, որ դատական իշխանությունը չի բխում ժողովրդից։ «Ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին», - հայտարարել է նա։
Այս հիմնարար խնդրի լուծումը վարչապետը տեսնում է նոր Սահմանադրության ընդունման և դրա միջոցով դատական իշխանության ու ժողովրդի միջև «օրգանիկ կապի» ստեղծման մեջ։ Որպես հնարավոր լուծում՝ նա նշել է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ «Քանի դեռ այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու», - եզրափակել է Փաշինյանը։
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ թե Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշել։ Ընդգծել է՝ Հայաստանը պատերազմից դուրս չի եկել 1990-ականներից ի վեր։ «Էդ Նիկո՞լը պատերազմ բերեց, բա 2016-ին, 2015-ին...2001-ին ՀՀ-ն պատերազմի մեջ չի՞ եղել», - տարի առ տարի թվարկել է ՀՀ վարչապետը։
Առկա խնդիրները կարգավորելու մեջ նաև անհատական պատասխանատվության կարիքն է ընդգծել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր հայտնի «Կառավարությունը ես եմ» հայտարարությունը արել է հենց իր անձնական պատասխանատվությունը շեշտելու նպատակով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել