Ռուսական նավթ. Հնդկաստանի և Չինաստանի պատասխանը Թրամփին
16 ՀՈԿ 2025 08:07

Ռուսական նավթ. Հնդկաստանի և Չինաստանի պատասխանը Թրամփին
16 ՀՈԿ 2025 08:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Հնդկաստանը խոստացել է հրաժարվել ռուսական նավթից, և որ նույնը պետք է անի Չինաստանը, առաջացրել է Ասիայի երկու խոշոր տերությունների ոչ միանշանակ արձագանքը։ Սակայն եթե Դելին տվել է զուսպ և դիվանագիտական պատասխան, ապա Պեկինը հանդես է եկել կոշտ հակադարձմամբ՝ աներկբա մերժելով Վաշինգտոնի ճնշումը։
Ի պատասխան Դոնալդ Թրամփի խոսքերի՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց համար առաջնահերթությունը հնդիկ սպառողի շահերի պաշտպանությունն է։ «Սա ներառում է մեր էներգետիկ աղբյուրների ընդլայնումը և դիվերսիֆիկացիան՝ շուկայական պայմաններին համապատասխան»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հնդկաստանի ԱԳՆ-ն չի հաստատել և չի հերքել Թրամփի հայտարարությունը Մոդիի խոստման մասին, սակայն նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը «հետաքրքրություն է ցուցաբերել» Հնդկաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացման հարցում, և որ «քննարկումները շարունակվում են»։ Այսպիսով, Դելին խուսափել է ուղիղ հակադրությունից՝ միաժամանակ հասկացնելով, որ իր որոշումները հիմնվելու են ազգային շահերի և շուկայական իրողությունների վրա, այլ ոչ թե արտաքին ճնշումների։
Ի տարբերություն Հնդկաստանի, Չինաստանի արձագանքը եղել է ուղիղ և կոշտ։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Պեկինը վճռականորեն մերժում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները։ «Չինաստանը հաստատակամորեն հերքում է իրավասությունների ընդլայնումը և հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև»,– ասվում է հայտարարության մեջ։ Դեսպանատունը ընդգծել է, որ միջազգային հանրության անդամների միջև օրենքի շրջանակներում փոխգործակցությունը «ողջամիտ և օրինական է, չի վնասում երրորդ կողմերի շահերին, հետևաբար այն պետք է հարգվի ու պաշտպանվի»։
Փաստացի, Չինաստանը հասկացրել է, որ իր առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, իր ինքնիշխան իրավունքն են և ենթակա չեն քննարկման երրորդ երկրների կողմից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել