Բելգիայում կանխվել է վարչապետի դեմ ահաբեկչությունը
10 ՀՈԿ 2025 07:40

Բելգիայում կանխվել է վարչապետի դեմ ահաբեկչությունը
10 ՀՈԿ 2025 07:40
Բելգիայի իրավապահ մարմինները կանխել են երկրի վարչապետ Բարտ Դե Վևերի և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների դեմ ծրագրված ահաբեկչական հարձակումը։ Իշխանությունները ձերբակալել են երեք անձի, որոնք մտադիր են եղել պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով իրականացնել իրենց ծրագիրը։ Դաշնային դատախազ Անն Ֆրանսենը հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ձերբակալվածները կասկածվում են «ահաբեկչական նպատակով սպանության փորձի և ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու» մեջ։ «Որոշակի ապացույցներ վկայում են, որ կասկածյալները մտադիր էին իրականացնել ջիհադիստական ահաբեկչական հարձակում՝ ուղղված քաղաքական գործիչների դեմ», - նշել է Ֆրանսենը։ Նա հավելել է՝ կան նաև տվյալներ, որ խումբը նպատակ է ունեցել ստեղծել ԱԹՍ, որին հնարավոր կլիներ ամրացնել պայթուցիկ լիցք։
Թեև դատախազությունը պաշտոնապես չի բարձրաձայնել թիրախների անունները, սակայն Դե Վևերի կառավարության անդամների սոցիալական ցանցերում կատարված գրառումները հաստատում են, որ վարչապետը եղել է գլխավոր թիրախներից մեկը։ «Վարչապետ Բարտ Դե Վևերի դեմ ծրագրված հարձակման մասին լուրը խորապես ցնցող է»,- X-ի իր էջում գրել է փոխվարչապետ Մաքսիմ Պրևոտը՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով վարչապետին, նրա ընտանիքին և շնորհակալություն հայտնելով անվտանգության ծառայություններին՝ «վատթարագույնը կանխելու համար»։ Պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը նույնպես իր աջակցությունն է հայտնել Դե Վևերին՝ գրելով. «Վարչապետ, Բարտ, մեր ողջ աջակցությունը քեզ և քո ընտանիքին։ Շնորհակալություն անվտանգության ծառայություններին։ Երբեք մի՛ հանձնվեք»։
Ինքը՝ Դե Վևերը, առայժմ չի մեկնաբանել միջադեպը։
Բելգիական «Gazet van Antwerpen» պարբերականի տվյալներով, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Անտվերպեն քաղաքում գտնվող մի շինությունում, որը գտնվում է Դե Վևերի նստավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Այնտեղ հայտնաբերվել է դեռևս պատրաստման փուլում գտնվող ինքնաշեն պայթուցիկ սարք, պողպատե գնդիկներով լի պայուսակ և 3D տպիչ։ Իրավապահները կարծում են, որ խումբը փորձել է կառուցել պայթուցիկ լիցք տեղափոխելու հնարավորությամբ ԱԹՍ։
Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանք ծնվել են 2001, 2002 և 2007 թվականներին։ Կասկածյալներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը ուրբաթ օրը կկանգնեն դատարանի առաջ։
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բարտ Դե Վևերը սպառնալիքների թիրախ է դառնում։ Այս տարվա սկզբին բելգիական դատարանը հինգ անձի մեղավոր էր ճանաչել նրա դեմ հարձակում նախապատրաստելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել