Ալեն Սիմոնյան. Ընդդիմություն չկա՞
Գրանցվել
Գրանցվել
Խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան
11 ՍԵՊ 2025 08:15
Խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

11 ՍԵՊ 2025 08:15
Հայաստանի խորհրդարանում այս պահին ընդդիմություն չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Համոզմունք է հայտնել, որ հաջորդ ընտրությունների արդյունքում ներկա ընդդիմության մեծ մասը ևս դուրս կմնա Խորհրդարանից։ «Արտախորհրդարանական ընդդիմություն, կարծում եմ, կա։ Ես հույս ունեմ, որ գալիք ընտրությունների ժամանակ դրանց մեծ մասը կհայտնվի։ Խորհրդարանից դուրս էլ կան ընդդիմադիր քաղաքական գործիչներ, և ես հույս ունեմ, որ նրանք կհայտնվեն խորհրդարանում, և մենք վերջապես խորհրդարանում ընդդիմություն կունենանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։
ՔՊ-ի համար լուրջ մրցակից չի համարում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, որը դեռ պետք է հիմնադրվի։ «Այնտեղ քաղաքական ուժ չկա, կա մեծահարուստ մարդ, որը հայտնվել է բանտում, և, ինչպես արվել է տարիներ շարունակ, փորձում է քաղաքական ապաստարան գտնել Ազգային ժողովում»,- ասել է ԱԺ նախագահը։
Թեհրանի հետ հարաբերություններում վտանգավոր կետեր չի տեսնում Սիմոնյանը։ «ՀՀ-ն իր քաղաքականության մեջ որևիցե բան չի արել և չի անի, որը միտված կլինի մեր հարևաններից որևէ մեկի դեմ, այդ թվում՝ Իրանի դեմ»,- ճեպազրույցի ընթացքում ասել է նա:
Հակառակը, ՀՀ-ն փորձում է հարաբերությունները կարգավորել նաև այն հարևանների հետ, ում հետ տասնամյակներ շարունակ խնդիրներ է ունեցել։ Խոսքը նաև Ադրբեջանի մասին է։ «Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ: Օրինակ բենզինը հայերը գնալու են ավելի էժան առնեն, դա անխուսափելի է»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի նախագահը խոսել է նաև 44-օրյա պատերազմի մասին։ Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն այս պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուսումնասիրում է։ Դրանից հետո պարզ կլինի, թե երբ և ինչ ձևաչափով զեկույցը կարող է ներկայացվել, ասել է նա լրագրվողների հետ ճեպազրույցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել