Հայ-ադրբեջանական հաշտեցումից շահելու են բոլորը՝ ԵՄ-ից մինչև Չինաստան․ Միրզոյան
5 ՆՈՅ 2025 07:35

Հայ-ադրբեջանական հաշտեցումից շահելու են բոլորը՝ ԵՄ-ից մինչև Չինաստան․ Միրզոյան
5 ՆՈՅ 2025 07:35
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շրջապատված է դավադրապաշտական տեսություններով և մանիպուլյացիաներով, որոնք հաճախ ուղղորդվում են արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Սակայն կայուն խաղաղության իրական երաշխիքը ոչ թե երրորդ կողմի միջամտությունն է, այլ փոխշահավետությունը, որից օգուտ կքաղեն բոլորը՝ տարածաշրջանային դերակատարներից մինչև Եվրոպա ու Չինաստան։ Այս մասին «Օրբելի-2025» ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Երբ փաստաթուղթը ստորագրվում և հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հօդս են ցնդում, բնականաբար, որովհետև մարդիկ կարող են ուղղակի կարդալ՝ ինչ է ստորագրված և հրապարակված։ Եվ վերջում մնում է մի հարց՝ լա՛վ, բայց ի՞նչ երաշխիք, որ այս ամեն ինչը կգործի։ Երաշխիքի հարցը իսկապես առարկայական, պահանջված է և առարկայական քննարկում է պահանջում»,- նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղության ամենահուսալի երաշխիքը ոչ թե խաղաղապահներն են կամ երրորդ երկրների ստորագրությունները, այլ այն գիտակցումը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շահավետ են բոլոր կողմերի համար։
«Այդ երաշխիքը հետևյալն է՝ այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, ձեռնտու է, շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը, կարծում եմ, հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին»,- հավելել է նախարարը։
Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան շահագրգռված չեն լինի խախտել պայմանավորվածությունները, քանի որ դրանք բխում են բոլորի շահերից։ Տարածաշրջանային փոխկապակցվածությունը, մասնավորապես՝ երկաթուղիների, գազամուղերի և այլ ենթակառուցվածքների գործարկումը, կստեղծի տնտեսական կապերի մի ցանց, որը կմիավորի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ «Այն կապելու է Եվրոպայից, Եվրոպական Միությունից մինչև Հեռավոր Արևելք ընկած բոլոր երկրներին»,- ասել է նա։
Անդրադառնալով մտահոգությանը, թե նման փոխկապակցվածությունը կարող է վնասել Հայաստանի ինքնիշխանությանը, Միրզոյանը հակադարձել է՝ պնդելով, որ իրականում խաղաղությունը միայն կամրապնդի այն։ Նրա խոսքով՝ հակամարտությունները պարարտ հող են ստեղծում արտաքին ուժերի համար՝ սեփական շահերը հետապնդելու և հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու համար։ «Խաղաղությունը, ի թիվս մնացած բաների, հնարավորություն է տալու և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուժեղացնել, ամրապնդել իրենց ինքնիշխանությունը»,- նշել է արտգործնախարարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել