Ուկրաինան զենքի արտահանող կդառնա․ Զելենսկի
6 ՀՈԿ 2025 13:50

Ուկրաինան զենքի արտահանող կդառնա․ Զելենսկի
6 ՀՈԿ 2025 13:50
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Կիևում անցկացվող Պաշտպանական արդյունաբերությունների երրորդ միջազգային ֆորումի ժամանակ, հանդես է եկել ծրագրային ելույթով, որը ուրվագծում է երկրի ռազմավարական տեսլականը։ Ըստ այդ տեսլականի՝ Ուկրաինան ոչ միայն մտադիր է հասնել ինքնաբավության սպառազինության ոլորտում, այլև նպատակ ունի դառնալ համաշխարհային շուկայում զենքի խոշոր արտահանող։ Ելույթի առանցքային թեզը 2026 թվականին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության ներուժը 35 միլիարդ դոլարի հասցնելու հավակնոտ նպատակն է։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է օգնություն ստացող երկրից վերածվել հզոր ռազմաարդյունաբերական համալիր ունեցող պետության, որն ունակ է ոչ միայն ապահովել սեփական բանակի կարիքները, այլև մրցակցել համաշխարհային սպառազինության շուկայում։ Այս հավակնոտ նպատակին հասնելու ճանապարհին նախագահը սահմանել է նաև ավելի մոտակա և կոնկրետ խնդիր։ Մինչև 2025 թվականի ավարտը ռազմաճակատում օգտագործվող ուկրաինական արտադրության զենքի մասնաբաժինը պետք է 40%-ից հասցվի 50%-ի։ Սա նշանակում է նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարումներից, ապահովել ռազմաճակատի կարիքների ավելի օպերատիվ բավարարում և զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք լավագույնս համապատասխանում են ժամանակակից պատերազմի մարտահրավերներին։
Սակայն Զելենսկու տեսլականը չի սահմանափակվում միայն ներքին կարիքներով։ Նա պաշտոնապես հայտարարել է ուկրաինական սպառազինության արտահանման ծրագրերի մեկնարկի մասին։ Նախագահը հանձնարարել է կառավարությանը, իր աշխատակազմին և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարին մշակել և ներկայացնել «Զենքը՝ մեր արտահանման արտադրանքը» անվանումը կրող արտահանման ծրագրի հիմնական տարրերը։
Այս ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկվել։ Զելենսկու խոսքով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում արտահանման-ներմուծման հարթակներ բացելու վերաբերյալ։ Սա վկայում է, որ Կիևը մտադիր է աշխարհին առաջարկել պատերազմի դաշտում փորձարկված, արդյունավետ և մրցունակ զինատեսակներ՝ դրանով իսկ ոչ միայն ամրապնդելով սեփական տնտեսությունը, այլև բարձրացնելով իր աշխարհաքաղաքական կշիռը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել