Պատերազմը դեռ չի ավարտվել. Զելենսկու զգուշացումը և Զապորոժիեի արյունալի գիշերը
26 ՆՈՅ 2025 10:05

Պատերազմը դեռ չի ավարտվել. Զելենսկու զգուշացումը և Զապորոժիեի արյունալի գիշերը
26 ՆՈՅ 2025 10:05
Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտը Զապորոժիեի բնակիչների համար իսկական մղձավանջի են վերածվել։ Ըստ տեղական իշխանությունների հաղորդած տվյալների՝ քաղաքը ենթարկվել է «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։ Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի փոխանցմամբ՝ քաղաքի ուղղությամբ ընդհանուր առմամբ հասցվել է 11 հարված, ինչը հանգեցրել է լուրջ ավերածությունների և տուժածների թիվը տարբեր աղբյուրներ հասցնում են մինչև երկու տասնյակի։
Հարվածների հետևանքով քաղաքի երեք տարբեր շրջաններում արձանագրվել են մասշտաբային ավերածություններ։ Թիրախում են հայտնվել ոչ միայն ենթակառուցվածքները, այլև բնակելի տները։ Վերջին տվյալներով՝ վնասվել է 31 բազմաhարկ շենք և 20 մասնավոր տուն։ Ավերածությունների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ հարվածներն ընդգրկել են քաղաքացիական նշանակության տարբեր օբյեկտներ՝ ներառյալ ուսումնական հաստատության հանրակացարանը, խանութներ, բենզալցակայաններ, ձեռնարկություններ և այլ ոչ բնակելի տարածքներ։ Հարձակումն առանց մարդկային կորուստների ու վնասվածքների չի անցել։ Եթե սկզբնական շրջանում հաղորդվում էր չորս տուժածի մասին, ապա հետագայում այդ թիվը կտրուկ աճել է։ Ըստ Իվան Ֆեդորովի վերջին տվյալների՝ տուժել է 18 մարդ։ Հատկանշական է վիրավորների կազմը. նրանցից 12-ը կանայք են, իսկ 6-ը՝ տղամարդիկ։
Այս ողբերգական իրադարձությունների ֆոնին առավել հատկանշական է դառնում Ուկրաինայի նախագահ Զելենսկու ելույթը «Ցանկացողների կոալիցիայի» («коалиция желающих») նիստի ժամանակ։ Նա ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը դեռևս ավարտված չէ։
Զելենսկին իր խոսքում ընդգծել է, որ Ռուսաստանը ամեն օր, առանց դադարի, հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Նախագահը գործընկերներին կոչ է արել չմոռանալ պաշտպանական աջակցության կարևորության մասին՝ հակառակ փաստին, որ Վաշինգտոնը շատ ակտիվ առաջ է մղում խաղաղության օրակարգը և Մոսկվան էլ ազդակներ է հղում, որ դեմ չէ խաղաղությանը։ Բայց, միևնույն ժամանակ, ճակատում չի թուլանում ռուսական կողմից ճնշումը։
«Այն դեպքում, երբ շարունակվում են դիվանագիտական ջանքերը պատերազմի ավարտի ուղղությամբ, գործընկերների համար կարևոր է հիշել, որ Ուկրաինային դեռևս անհրաժեշտ է բավարար պաշտպանական աջակցություն», - նշել է Զելենսկին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար