Հայաստանը հորդորել է ԱՄՆ-ին վերսկսել երկխոսությունը Վրաստանի հետ․ Կոստանյան
20 ՆՈՅ 2025 13:06

Հայաստանը հորդորել է ԱՄՆ-ին վերսկսել երկխոսությունը Վրաստանի հետ․ Կոստանյան
20 ՆՈՅ 2025 13:06
Հայաստանը խրախուսել է իր ամերիկացի գործընկերներին վերաակտիվացնել երկխոսությունը Վրաստանի հետ՝ քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից բխող հնարավոր օգուտները Թբիլիսիի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ամերիկյան դիվանագիտության ակտիվությունը տարածաշրջանում։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցերը Երևան և Թբիլիսի փոխկապակցված են եղել և նպատակ են ունեցել համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային կարևորագույն այս հարցի շուրջ, փոխանցում է «Արմենպրեսը»։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի օրերին Պետդեպարտամենտի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ջոնաթան Ասկոնասը, գտնվել է Թբիլիսիում։ Կոստանյանը շեշտել է, որ Վրաստանում ամերիկյան կողմի քննարկումները համակարգվել են նաև Հայաստանի հետ։
«Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաև Թբիլիսին շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից», - նշել է փոխնախարարը։
Վահան Կոստանյանը նաև ընդգծել է, որ Վրաստանի հետ երկխոսությունը վերսկսելու նախաձեռնությունը բխել է հենց հայկական կողմից։ Երևանը երկար ժամանակ է, ինչ Վաշինգտոնի ուշադրությունն է հրավիրել այս հարցի կարևորության վրա՝ պնդելով, որ տարածաշրջանային կայունության և տնտեսական ինտեգրման գործում Թբիլիսիի դերակատարումն առանցքային է։
«Թույլ տվեք նաև ավելացնել մեկ այլ կետ․ մենք ինքներս էլ Միացյալ Նահանգների մեր գործընկերներին քաջալերում էինք և բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, և շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել», - ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար