ԵՄ-ն ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
19 ՍԵՊ 2025 13:54

ԵՄ-ն ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
19 ՍԵՊ 2025 13:54
Երեք տարվա ընթացքում Եվրոպայում նավթի վաճառքից Ռուսաստանի եկամուտները նվազել են 90 տոկոսով, և առաջիկայում դա կարող է ընդհուպ մոտենալ 100 տոկոսին։ Եվրոպան մտադիր է Մոսկվային զրկել պատերազմի համար անհրաժեշտ բոլոր միջոցներից։
Եվրամիությունը ներկայացրել է պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է կտրուկ կրճատել հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները՝ արգելելով ռուսական բնական հեղուկ գազի ներմուծումը եվրոպական շուկաներ։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հավելել է, որ առաջարկվում է մինչև 2027 թվականի հունվար ամբողջությամբ արգելել ռուսական գազի ներկրումը։
Պատժամիջոցների ցանկում կավելացվի ռուսական «ստվերային նավատորմի» ևս 118 նավ, ինչի արդյունքում դրանց ընդհանուր թիվը կհասնի 560-ի։ «Խոշոր էներգետիկ առևտրային ընկերությունները՝ «Ռոսնեֆտը» և «Գազպրոմնեֆտը», այժմ կենթարկվեն գործարքների ամբողջական արգելքի, իսկ այլ ընկերությունների ակտիվները կսառեցվեն», - ասել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ «երեք տարում Ռուսաստանի նավթային եկամուտները Եվրոպայում նվազել են 90%-ով»։
Նոր փաթեթը թիրախավորելու է նաև երրորդ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում գտնվող նավթավերամշակող, նավթի առևտրով զբաղվող և նավթաքիմիական ընկերություններին, որոնք մեղադրվում են պատժամիջոցների խախտմամբ նավթ գնելու մեջ։
Ֆինանսական ճնշումը խստացնելու նպատակով կարգելվեն գործարքները ռուսական լրացուցիչ բանկերի և երրորդ երկրներում գործող ֆինանսական կառույցների հետ։ Առաջին անգամ միջոցներ կկիրառվեն կրիպտոպլատֆորմների դեմ, կարգելվեն կրիպտոարժույթով գործարքները, պատժամիջոցների ցանկում կհայտնվեն ռուսական այլընտրանքային վճարային համակարգերի հետ կապված օտարերկրյա բանկերը։
Բացի այդ, կարգելվի մարտի դաշտում օգտագործվող ապրանքների և տեխնոլոգիաների ուղղակի արտահանումը Ռուսաստան, ինչը կազդի 45 ընկերությունների վրա Ռուսաստանում և երրորդ երկրներում։ Սահմանափակումները կվերաբերեն նաև արհեստական բանականության և գեոտարածական տվյալների տեխնոլոգիաներին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ թեև ռուսական սառեցված ակտիվները «ձեռք չեն տրվի», Ուկրաինան կստանա վարկեր, որոնք կմարվեն Ռուսաստանի կողմից հետագայում վճարվելիք փոխհատուցումների հաշվին։
Կայա Կալլասն իր հերթին ընդգծել է.
«Կրեմլի համար իր ագրեսիան շարունակելու եկամտի ցանկացած աղբյուր թիրախ է»։ Նրա խոսքով՝ Եվրոպան խաղաղություն է ուզում Ուկրաինայի համար, սակայն Ռուսաստանի ագրեսիան չի կարող անպատասխան մնալ։ «Մեր ուղերձը հստակ է. մենք կուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ զուգորդելով այն Ուկրաինային ռազմական աջակցությամբ, մինչև Ռուսաստանը չընդունի իրական, արդար և տևական խաղաղություն»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել