Վուչիչը ճնշման տակ համաձայնել է արտահերթ ընտրությունների անցկացմանը
3 ՆՈՅ 2025 15:23

Վուչիչը ճնշման տակ համաձայնել է արտահերթ ընտրությունների անցկացմանը
3 ՆՈՅ 2025 15:23
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ենթարկվելով վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցերի ճնշմանը, հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։
Ի սկզբանե, խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2027 թվականի դեկտեմբերին, սակայն հզոր հասարակական ճնշումը ստիպել է Վուչիչին վերանայել իր դիրքորոշումը։ 
«Ընտրությունները տեղի կունենան մինչև լիազորությունների ժամկետի ավարտը, իսկ ստույգ ամսաթիվը կորոշեն իրավասու մարմինները», - կիրակի օրը հայտարարել է նախագահը։
Բողոքի հզոր ալիքի անմիջական առիթը դարձել էր Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի փլուզման տարելիցը, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Այս ողբերգությունը, որը շատերը կապում են կոռուպցիոն սխեմաների և շինարարական նորմերի խախտումների հետ, դարձավ վերջին կաթիլը և տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց։ 
Ցուցարարները պահանջում են ոչ միայն արտահերթ ընտրություններ, այլև իշխանության պատասխանատվություն։ Այս շարժումը համարվում է Վուչիչի տասնամյա կառավարման ամենալուրջ մարտահրավերը։
Ընդդիմադիր դաշտի կենտրոնում է հայտնվել ուսանողական շարժումը, որը պատրաստվում է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուների ցուցակով։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ այս շարժումը ներկայումս ավելի քան 10 տոկոսային կետով գերազանցում է Վուչիչի իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությանը» (СНС)։ 
Շարժման ներկայացուցիչ Միլուտին Միլյանիչը հայտարարել է իրենց լիակատար պատրաստակամության մասին. 
«Մենք պատրաստ ենք, ընտրությունները կարող են հայտարարվել թեկուզ հաջորդ շաբաթ»։
Սակայն, Վուչիչի վարչակազմը շտապողականություն չի ցուցաբերում։ Նախագահի օգնականները հստակեցնում են, որ ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, և դրանք, ամենայն հավանականությամբ, տեղի չեն ունենա ավելի շուտ, քան հաջորդ տարվա վերջը։ Ընդդիմությունը նախագահի հայտարարությունը համարում է ժամանակ շահելու և բողոքի ալիքը մարելու փորձ։ 
Վերլուծաբանների կարծիքով, Վուչիչը գործում է առանց հստակ երկարաժամկետ ռազմավարության՝ փորձելով պարզապես պահպանել վերահսկողությունը աճող ճնշման պայմաններում՝ ստեղծելով քաղաքական անորոշության մթնոլորտ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել