Վրաստանի ՏԻՄ ընտրությունները՝ բողոքի ֆոնին
Գրանցվել
Գրանցվել
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցնում են բողոքի ակցիաների պայմաններում
4 ՀՈԿ 2025 09:20
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցնում են բողոքի ակցիաների պայմաններում

Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցնում են բողոքի ակցիաների պայմաններում

4 ՀՈԿ 2025 09:20
Վրաստանում հոկտեմբերի 4-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ստվերվել են խորը քաղաքական ճգնաժամով, որը դրսևորվում է ոչ միայն ընդդիմության բողոքի ակցիաներով, այլև մայրաքաղաքում իրավապահ ուժերի աննախադեպ կուտակումներով։ Իրավիճակը լրացուցիչ սրում է միջազգային հեղինակավոր դիտորդական կառույցների բացակայությունը և տեղական դիտորդների կազմի շուրջ հնչող մտահոգությունները, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների ազատ և արդար բնույթը։
Ընտրությունների օրը Թբիլիսին վերածվել է իսկական ամրացված գոտու։ ՆԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հասարակական անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովելու նպատակով մայրաքաղաքի տարբեր վայրերում մոբիլիզացվել են ոստիկանական համապատասխան ստորաբաժանումներ։ Գերատեսչությունը կոչ է արել բողոքի ակցիաների կազմակերպիչներին ու մասնակիցներին իրենց հավաքներն անցկացնել օրենքի շրջանակներում, ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և չխոչընդոտել նրանց ծառայողական գործունեությանը՝ զգուշացնելով, որ ցանկացած իրավախախտմանը կհետևի համապատասխան արձագանքը։ Սակայն իրավիճակը կտրուկ սրվել է, երբ TV Pirveli հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակի մոտակայքում հատուկջոկատայինների դեսանտ է իջեցվել։ Դրան զուգահեռ, հատուկ նշանակության ուժերի լրացուցիչ մոբիլիզացում է տեղի ունեցել նաև խորհրդարանի շենքի հարակից տարածքում։
Ընտրությունների լեգիտիմության շուրջ մտահոգություններն էլ ավելի են խորանում դիտորդական առաքելությունների կազմի պատճառով։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 28 կազմակերպություններից ընդամենը 81 միջազգային դիտորդի։ Այս ցուցանիշը կտրուկ հակադրվում է 2021 թվականի ընտրություններին, երբ երկրում գործում էր 52 միջազգային կառույց, իսկ դիտորդների ընդհանուր թիվը գերազանցում էր 30,000-ը։
Ամենացնցող հանգամանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) հեղինակավոր դիտորդական առաքելության բացակայությունն է։ Նրանք հրաժարվել են դիտարկել ընտրությունները՝ պատճառաբանելով, որ «Վրացական երազանքի» կառավարությունը հրավերն ուղարկել է չափազանց ուշ։
Միջազգային դիտորդների փոքրաթիվ խմբում ամենամեծ ներկայացուցչությունն ունի սերբական ALTERFACT ասոցիացիան՝ 20 դիտորդով։ Յոթական դիտորդ են ուղարկել Հունգարիայի դեսպանատունը և հունգարական «Հիմնարար իրավունքների կենտրոնը», որը, ըստ իր կանոնադրության, զբաղվում է «ազգային ինքնության, ինքնիշխանության և քրիստոնեական ավանդույթների պաշտպանությամբ»։ Մյուս կազմակերպությունները ներկայացված են մեկից երեք դիտորդով։ Ընտրություններին հետևում են նաև Հորդանանի, Թունիսի, Մալդիվների, Թուրքիայի, Եթովպիայի, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հարավային Աֆրիկայի, Բուլղարիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Ֆիջիի, Սլովակիայի, Հայաստանի, Ֆիլիպինների, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Շվեյցարիայի և Մոլդովայի ներկայացուցիչներ։
Տեղական դիտորդների դաշտում իրավիճակը ոչ պակաս մտահոգիչ է։ Գրանցված 27 տեղական կազմակերպությունների ավելի քան 7000 դիտորդների մեծ մասը, ըստ վրացական լրատվամիջոցների, փոխկապակցված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։ Առանձնանում են հատկապես «Իրավաբանների և փաստաբանների միջազգային դիտարանը» (2,973 դիտորդ) և «Քաղաքականության և իրավունքի դիտարանը» (2,902 դիտորդ), որոնք ուղղակիորեն կապվում են իշխող ուժի հետ։
Այս ամենի ֆոնին վաղ առավոտից Վրաստանի բոլոր կողմերից դեպի մայրաքաղաք ձգվող ավտոշարասյուները միայն ավելացնում են մտավախությունները, որ հետընտրական ժամերը Թբիլիսիում կարող են թեժ լինել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել