Վաշինգտոնում նշել են ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը
3 ՆՈՅ 2025 06:11

Վաշինգտոնում նշել են ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը
3 ՆՈՅ 2025 06:11
Հոկտեմբերի 30-ին Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Իր ելույթում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրել է 1991թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ դեսպանն ընդգծել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։
Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։ Նա շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը։
Միջոցառման մշակութային հատվածում հնչել են հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները։ Դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել ջազային կատարմամբ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել