Ուսուցիչների աշխատավարձի ֆոնդն աճել է 37 մլրդ դրամով․ Ժաննա Անդրեասյան
4 ՀՈԿ 2025 13:04

Ուսուցիչների աշխատավարձի ֆոնդն աճել է 37 մլրդ դրամով․ Ժաննա Անդրեասյան
4 ՀՈԿ 2025 13:04
Ուսուցչի միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական համալսարանում կայացել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական համաժողով, որը դարձել է ոլորտի մարտահրավերների, ձեռքբերումների և ապագա անելիքների քննարկման կարևոր հարթակ։ Միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ և հարյուրավոր մանկավարժներ, ամփոփվեցին կրթության ոլորտում իրականացված բարեփոխումների շոշափելի արդյունքները և ուրվագծվեցին զարգացման նոր ուղիներ։
«Անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքի ամենակարևոր բաղադրիչը պետք է լինի։ Եթե կրթական միջավայրում աշակերտն ու ուսուցիչն իրենց ապահով և անվտանգ չեն զգում, չի կարող կրթական արդյունքը հաջողված լինել», - իր ելույթում ընդգծեց նախարարը՝ կոչ անելով մանկավարժներին բաց և անկաշկանդ խոսել առկա խնդիրների մասին՝ դրանց համատեղ լուծումներ գտնելու համար։ Ոլորտի զարգացման համատեքստում նախարարը ներկայացրեց տպավորիչ ֆինանսական ցուցանիշներ, որոնք վկայում են ուսուցչի աշխատանքի գնահատմանն ուղղված կառավարության հետևողական քաղաքականության մասին։ Նա նշեց, որ եթե 2018 թվականին ուսուցիչների վարձատրության ֆոնդը կազմում էր շուրջ 55 միլիարդ դրամ, ապա վերջին տարիներին, տարբեր գործիքակազմերի ներդրման արդյունքում, այն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ արձանագրելով 67% աճ։ Միայն այս տարի կամավոր ատեստավորման համար դիմել է ավելի քան 8400 ուսուցիչ, իսկ նախորդ տարիների ընթացքում համակարգի շահառու է դարձել և աշխատավարձի բարձրացում ստացել ավելի քան 6300 մանկավարժ։ «Առանց չափազանցության կարող ենք ասել, որ մեր ուսուցիչների շուրջ կեսն արդեն կամ համակարգի շահառու է, կամ դիմել է, որպեսզի դառնա շահառու», - փաստեց Ժաննա Անդրեասյանը։
Ապագային միտված քայլերի շարքում նախարարն առանձնացրեց «Ուսուցչի կարգավիճակի մասին» նոր օրենքի մշակման աշխատանքները։ Այս փաստաթուղթը կոչված է սահմանելու այն սոցիալական երաշխիքները, որոնք կպաշտպանեն գործող ուսուցիչներին և կխթանեն նոր, որակյալ կադրերի մուտքը համակարգ։
Համաժողովի կարևորությունը, որն իրականացվում է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում, ընդգծեցին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները։ Միջոցառումն ավարտվեց տոնական արարողությամբ․ Ուսուցչի միջազգային օրվա առթիվ ոլորտի մի շարք երախտավորներ պարգևատրվեցին ԿԳՄՍՆ մեդալներով ու պատվոգրերով, իսկ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողները խրախուսվեցին շնորհակալագրերով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել