Վաշինգտոնը կհարվածի՞․ ԱՄՆ-Վենեսուելա լարվածությունը սրվում է
15 ՆՈՅ 2025 07:44

Վաշինգտոնը կհարվածի՞․ ԱՄՆ-Վենեսուելա լարվածությունը սրվում է
15 ՆՈՅ 2025 07:44
Ամերիկա-վենեսուելական հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին, ինչի ֆոնին ԱՄՆ-ն ռազմական ներկայությունն է մեծացնում Կարիբյան ավազանում։ ԱՄՆ ռազմական ուժերը նոր հարված են հասցրել Կարիբյան ծովում գտնվող մի նավի, որը, ըստ ամերիկյան կողմի պաշտոնական հաղորդագրության, զբաղվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ։ Միևնույն ժամանակ, Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին լուրերը գնալով ավելի են սաստկանում։
Նոյեմբերի 10-ին, ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի հրամանով, «Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ խումբը «մահացու հարված» է հասցրել ահաբեկչական ճանաչված կազմակերպության կողմից կառավարվող նավին։ Հաղորդվում է, որ միջազգային ջրերում իրականացված գործողության արդյունքում սպանվել է նավի վրա գտնվող չորս «թմրաահաբեկիչ»։ Այս հարվածը սեպտեմբերից ի վեր իրականացված 20-րդ նման գործողությունն էր, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 80 մարդ։
Այս իրադարձություններին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Սպիտակ տանը երեք հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն վերաբացել է Պուերտո Ռիկոյում երկար ժամանակ փակված «Ռուզվելտ Ռոուդս» ռազմածովային բազան՝ որպես Վենեսուելայի մերձակայքում ուժերի լայնածավալ կուտակման մաս։
Լրագրողների հետ զրույցում նախագահ Թրամփը, պատասխանելով Վենեսուելային հարված հասցնելու հնարավորության մասին հարցին, խուսափողական պատասխան է տվել․ «Ես կարծես թե որոշել եմ․․․ Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ որոշում կլինի»։
Իրավիճակի սրմանը կոշտ է արձագանքել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով կանգնեցնել Թրամփին։ «Ես հիմա դիմում եմ Միացյալ Նահանգների ժողովրդին․ կանգնեցրե՛ք այն անխոհեմ ձեռքը, որը հրամայում է ռմբակոծել, սպանել և պատերազմով սպառնալ Հարավային Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Կանգնեցրե՛ք պատերազմը, ո՛չ պատերազմին։ Միացյալ Նահանգների ժողովուրդը պետք է վճռորոշ դեր խաղա ողջ Ամերիկայի համար ողբերգությունը կանխելու գործում», - հայտարարել է Մադուրոն։
Վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնի գործողությունները կարող են լինել Կարակասի վրա ճնշում գործադրելու և տարածաշրջանում սեփական ազդեցությունն ամրապնդելու փորձ։ Պաշտոնական Կարակասն իր հերթին մեղադրում է ԱՄՆ-ին ագրեսիվ քաղաքականության և իր ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ՝ զորքերը բերելով մարտական բարձր պատրաստվածության։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել