Վաշինգտոն-Կիև բանակցություններ. Հարցերը մնում են անպատասխան
Վաշինգտոնն ու Կիևը համաձայնության չեն եկել․ անպատասխան հարցեր՝ Ֆլորիդայից հետո
1 ԴԵԿ 2025 05:56
Վաշինգտոնն ու Կիևը համաձայնության չեն եկել․ անպատասխան հարցեր՝ Ֆլորիդայից հետո

Վաշինգտոնն ու Կիևը համաձայնության չեն եկել․ անպատասխան հարցեր՝ Ֆլորիդայից հետո

1 ԴԵԿ 2025 05:56
Ֆլորիդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բարձր մակարդակի բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ակնկալում է «ավելի մեծ առաջընթաց»՝ ընդգծելով, որ խնդիրը սոսկ խաղաղության համաձայնագիր կնքելը չէ։ «Խոսքը առաջընթացի այնպիսի ուղու ստեղծման մասին է, որը Ուկրաինան կդարձնի ինքնիշխան, անկախ և բարգավաճող»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Բանակցային գործընթացը տեղի է ունենում ուկրաինական պատվիրակության կազմում արձանագրված կտրուկ փոփոխությունների ֆոնին։ Պատվիրակությունը Ֆլորիդայում գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։ Նա փոխարինել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, ով ուրբաթ օրը հրաժարական էր ներկայացրել երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Չնայած ներքաղաքական ցնցումներին՝ Ումերովը փորձել է դրական ազդակներ հաղորդել՝ անգլերեն հայտարարելով. «ԱՄՆ-ն լսում է մեզ, ԱՄՆ-ն աջակցում է մեզ, ԱՄՆ-ն քայլում է մեր կողքին»։
Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են նաև հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Վաշինգտոնը հստակեցրել է, որ Ռուսաստանը պետք է դառնա հավասարման մաս, ինչի համար նախատեսվում է Ուիթքոֆի այցը Մոսկվա։
Սակայն «արդյունավետ» որակումների հետևում թաքնված են լուրջ տարաձայնություններ։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայում այդպես էլ չեն համաձայնեցվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Կիևը դեռևս Ժնևում հակառաջարկ էր ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Դեն Դրիսկոլի՝ շաբաթներ առաջ Կիևում հնչեցրած նախաձեռնություններին։ Զելենսկին հույս է հայտնել, որ ժնևյան քննարկումների արդյունքները վերջնական տեսքի կբերվեն կիրակի օրը, սակայն առանցքային հարցերը, ներառյալ Արևմուտքի երաշխիքների բնույթը, մնում են չլուծված։
Ուկրաինական կողմը պնդում է Զելենսկի-Թրամփ անձնական հանդիպման անհրաժեշտությունը՝ չցանկանալով սոսկ «սրբացնել» արդեն պատրաստի փաստաթուղթը։ Իրավիճակի անորոշությունը լավագույնս բնութագրել է պատվիրակության անդամ, ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան՝ համեմատելով բանակցությունները եղանակի տեսության հետ. «Կանխատեսելը դժվար է, քանի որ մթնոլորտը քաոսային համակարգ է, որտեղ փոքր փոփոխությունները կարող են հանգեցնել մեծ արդյունքների»։
Թեև աշխատանքային կապերը չեն դադարում, հաջորդ փուլի հստակ ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար