ԱՄՆ-ն ու Ուկրաինան Ժնևում մշակել են խաղաղության նոր փաստաթուղթ
Ժնևում ԱՄՆ-ն ու Ուկրաինան մշակել են խաղաղության նոր փաստաթուղթ
24 ՆՈՅ 2025 05:55
Ժնևում ԱՄՆ-ն ու Ուկրաինան մշակել են խաղաղության նոր փաստաթուղթ

Ժնևում ԱՄՆ-ն ու Ուկրաինան մշակել են խաղաղության նոր փաստաթուղթ

24 ՆՈՅ 2025 05:55
Ժնևում ավարտվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի բանակցությունները, որոնց առանցքում ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագիրն էր։ Համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել դիրքորոշումների համաձայնեցման հարցում և մշակել են խաղաղության «թարմացված ու կատարելագործված շրջանակային փաստաթուղթ»։
2025 թվականի նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած հանդիպումը, ինչպես նշվում է համատեղ հայտարարության մեջ, անցել է կառուցողական, կենտրոնացված և հարգալից մթնոլորտում։ Երկու կողմերն էլ խորհրդակցությունները գնահատել են «չափազանց արդյունավետ»՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության հասնելու իրենց ընդհանուր հանձնառությունը։
«Մենք այստեղ ժամանել ենք մեկ նպատակով՝ նվազեցնելու չլուծված կետերի քանակը։ Այդ նպատակին զգալիորեն հասանք», - բանակցությունների արդյունքներն այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հավելել է, որ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա, և այն պետք է հաստատվի երկու երկրների նախագահների կողմից։
Բանակցությունների արդյունքում կողմերը մշակել են խաղաղության թարմացված և կատարելագործված շրջանակային փաստաթուղթ։ Ըստ New York Times-ի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած 28 կետից բաղկացած սկզբնական պլանը բանակցությունների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել, և ներկայիս աշխատանքային տարբերակը տարբերվում է համացանցում ավելի վաղ հրապարակված տարբերակից։ Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են կատարվել, առայժմ չի մանրամասնվում։
Բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն ու արդար խաղաղություն։ Ուկրաինական պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատերազմի և մարդկային կորուստների դադարեցմանն ուղղված հաստատակամ նվիրվածության համար։
Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ու Ուկրաինան կշարունակեն ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկների շուրջ։ Նախատեսվում է նաև սերտ կապ պահպանել եվրոպացի գործընկերների հետ՝ գործընթացի առաջընթացին զուգընթաց։ Վերջնական որոշումները կկայացվեն Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների կողմից։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ աշխատելու Ուկրաինայի անվտանգությունը, կայունությունն ու վերականգնումն ապահովող խաղաղության հասնելու ուղղությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար