ԱՄՆ-ում գաղտնազերծել են Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին փաստաթղթերը
22 ՀՈՒԼ 2025 05:46

ԱՄՆ-ում գաղտնազերծել են Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին փաստաթղթերը
22 ՀՈՒԼ 2025 05:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է ՀԴԲ փաստաթղթերը, որոնք կապված են աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարի առաջնորդ, քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ, հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ գրեթե 60 տարի անց հրապարակվել է 230 հազար ֆայլ: «Փաստաթղթերը ներառում են ՀԴԲ-ի կողմից Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանության հետաքննության մանրամասներ, հնարավոր վարկածների քննարկում, ՀԴԲ-ի ներքին գրառումներ՝ գործի ընթացքի մանրամասն նկարագրությամբ, տեղեկություններ Ջեյմս Էրլ Ռեյի նախկին խցակիցի մասին, ով պնդել է, որ Ռեյի հետ քննարկել է սպանության ենթադրյալ դավադրությունը, և այլն», - գրել է նա:
Մարտին Լյութեր Քինգ կրտսերը՝ աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարի ամենահայտնի առաջնորդներից մեկը, սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին Մեմֆիսում, Թենեսի նահանգում, 39 տարեկանում: Քինգի մահը հանգեցրել է բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների ալիքի ամբողջ երկրում. դրանք ընդգրկել են ավելի քան 100 քաղաք և դարձել են ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմից ի վեր ամենամեծ բողոքի շարժումներից մեկը:
Մարտին Լյութեր Քինգի սպանության համար 99 տարվա ազատազրկման է դատապարտվել բազմիցս դատված Ջեյմս Էրլ Ռեյը: Նա մահացել է բանտում 1998 թվականին: Սակայն քարոզչի մահը բազմաթիվ դավադրության տեսություններ է առաջացրել, որոնց համաձայն՝ մահափորձին կարող էին մասնակից լինել ոչ միայն միայնակ անհատ, այլև կազմակերպված խմբեր:
2025 թվականի հունվարին Թրամփը հանձնարարել է պատրաստել ծրագիր՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, նրա կրտսեր եղբոր՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի և քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի սպանությունների հետ կապված գործերի նյութերի լիակատար բացահայտման համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել