ԱՄՆ-ը Հնդկաստանին 93 մլն դոլարի սպառազինություն կվաճառի
20 ՆՈՅ 2025 12:47

ԱՄՆ-ը Հնդկաստանին 93 մլն դոլարի սպառազինություն կվաճառի
20 ՆՈՅ 2025 12:47
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Հնդկաստանին 93 միլիոն դոլար արժողությամբ «Javelin» հակատանկային հրթիռային համակարգերի և «Excalibur» կառավարվող հրետանային զինամթերքի վաճառքին։ Այս քայլը դիտարկվում է որպես երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության վերակտիվացման նշան՝ օգոստոսից ի վեր հարաբերություններում նկատվող լարվածությունից հետո։
Սա ամերիկյան ռազմական տեխնիկայի առաջին խոշոր գնումն է Հնդկաստանի կողմից՝ Վաշինգտոնի «Օտարերկրյա ռազմական վաճառքի» ծրագրի շրջանակում, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկեց հնդկական ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք 50%-ի։ Այդ որոշումը պատժիչ քայլ էր՝ ի պատասխան Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումների։
ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս գործարքը բխում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակներից։
«Առաջարկվող վաճառքը կաջակցի ԱՄՆ-ի և Հնդկաստանի ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը և կբարելավի մեր գլխավոր պաշտպանական գործընկերոջ անվտանգությունը, որը շարունակում է կարևոր ուժ մնալ Հնդկա-խաղաղօվկիանոսյան և Հարավային Ասիայի տարածաշրջաններում քաղաքական կայունության, խաղաղության և տնտեսական առաջընթացի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանի կառավարությունը հայտ էր ներկայացրել ձեռք բերելու մինչև 216 միավոր «Excalibur» մարտավարական արկ և 100 միավոր «Javelin» համակարգ։ Հարկ է նշել, որ հնդկական բանակն արդեն իսկ կիրառում է «Excalibur» տեսակի զինամթերքն իր սպառազինության մեջ գտնվող M-777 հաուբիցների համար։
Այս գործարքը հաջորդում է նաև General Electric-ի կողմից արտադրվող կործանիչների շարժիչների նոր պատվերին, որոնք նախատեսված են հնդկական արտադրության «Tejas» մարտական ինքնաթիռների համար։
Գործարքի հիմնական կապալառուներն են լինելու RTX կորպորացիան, որը պատասխանատու է «Excalibur» արկերի համար, և RTX-ի ու Lockheed Martin-ի համատեղ ձեռնարկությունը, որը կմատակարարի «Javelin» համակարգերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար