Ուկրաինան 100 ԱԹՍ-ով հարձակվել է Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ
29 ՀՈԿ 2025 06:21

Ուկրաինան 100 ԱԹՍ-ով հարձակվել է Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ
29 ՀՈԿ 2025 06:21
ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկրի տարբեր մարզերի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին։ Ըստ գերատեսչության՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 100 անօդաչու, որոնք թիրախավորել էին Ռուսաստանի եվրոպական մասի ավելի քան մեկ տասնյակ շրջաններ։
Ամենաթեժ իրավիճակը ստեղծվել է Բրյանսկի մարզում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, խոցվել է 46 անօդաչու։ Հարձակումն այստեղ հանգեցրել է մարդկային զոհերի։ Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը՝ 14-ամյա դեռահաս, վիրավորվել է։ Մարզում վնասվել են ինը բնակելի տներ և «Միրատորգ» ընկերության արտադրական շինություն։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող չորս անօդաչու է ոչնչացվել։ Բեկորների անկման վայրերում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետները։
Հարձակումների են ենթարկվել նաև այլ մարզեր։ Կալուգայի մարզում խոցվել է 12 ԱԹՍ, Բելգորոդում՝ ութ, Կրասնոդարի երկրամասում՝ յոթ, Մոսկվայի և Օրյոլի մարզերում՝ վեցական, Ուլյանովսկի մարզում՝ չորս, Ղրիմում ՝ երեք, Ստավրոպոլի երկրամասում՝ երկու, իսկ Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերում՝ մեկական անօդաչու։
Ուլյանովսկի մարզի Նովոսպասկոեի շրջանում, ըստ մարզպետ Ալեքսեյ Ռուսկիխի, բեկորների անկման վայրում հրդեհ է բռնկվել, որը, սակայն, արագ մարվել է, տուժածներ չկան։ Ստավրոպոլի երկրամասի, Կալուգայի, Տուլայի և Սմոլենսկի մարզերի իշխանությունները հայտնել են, որ հարձակումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն եղել։ Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի, Օրյոլի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի իշխանությունները դեռևս չեն մանրամասնել հարձակման հետևանքները։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել էր Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների, ինչպես նաև Կալուգայի, Վոլգոգրադի, Սարատովի, Գելենջիկի, Պենզայի, Վլադիկավկազի, Գրոզնիի, Սամարայի, Կրասնոդարի, Ուլյանովսկի, Կազանի և Չեբոքսարիի օդանավակայանների աշխատանքը։ Ներկայումս բոլոր սահմանափակումները հանված են։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել