Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 116 լրագրող
4 ՆՈՅ 2025 11:16

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 116 լրագրող
4 ՆՈՅ 2025 11:16
2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժման հետևանքով Ուկրաինայում զոհվել է մեդիա ոլորտի 116 ներկայացուցիչ։ Կիևի կողմից պաշտոնապես հրապարակվող այս թիվը, սակայն, ներառում է ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվածներին, այլև այն լրագրողներին, որոնք զորակոչվել են բանակ, կամ սպանվել են որպես խաղաղ բնակիիչ՝ աշխատանքից դուրս։ Տվյալների հաշվարկման մեթոդաբանության տարբերությունները հանգեցնում են տարբեր թվերի՝ կախված աղբյուրից։
Ուկրաինայի լրագրողների ազգային միության (NUJU) և Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) կողմից համատեղ ստուգված տվյալների համաձայն, 2025 թվականի նոյեմբերի դրությամբ, մասնագիտական պարտականությունները կատարելիս (ռեպորտաժ պատրաստելիս, նկարահանման վայրում և այլն) զոհվել է առնվազն 21 լրագրող։ Սա համարվում է ամենաճշգրիտ թիվը նրանց համար, ովքեր սպանվել են հենց իրենց աշխատանքի պատճառով։
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսիք են Լրագրողների պաշտპանության կոմիտեն (CPJ), «Լրագրողներ առանց սահմանների»-ն (RSF) և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կիրառում են ավելի խիստ չափանիշներ՝ մահը պետք է ուղղակիորեն կապված լինի լրագրողական գործունեության հետ։ Այդ պատճառով նրանց տվյալները կարող են փոքր-ինչ տարբերվել (CPJ՝ 17 հաստատված, RSF՝ 13, ՅՈՒՆԵՍԿՕ՝ 22)։
Միևնույն ժամանակ, ուկրաինական կառույցները (Մշակույթի նախարարություն, IMI, NUJU) ընդհանուր թվի մեջ ներառում են բոլոր այն մեդիա աշխատողներին, որոնք սպանվել են ռուսական գործողությունների հետևանքով։ Ընդհանուր 116 զոհերից 18-ը (ավելի վաղ տվյալներով) եղել են աշխատանքի վայրում, 88-ը՝ զինծառայող-լրագրողներ, և 10-ը՝ քաղաքացիական զոհեր։
Այս ողբերգության ամենասարսափելի դրվագներից է լրագրողուհի Վիկտորյա Ռոշչինայի պատմությունը, որի հիշատակի օրը վերջերս սահմանել է ԵԽԽՎ-ն։ Ռոշչինան անհետացել էր 2023 թվականի օգոստոսի 3-ին՝ օկուպացված տարածքներում։ Գրեթե մեկ տարի անց Ռուսաստանը խոստովանել է նրա ձերբակալության փաստը, իսկ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ նա մահացել է ռուսական գերության մեջ։
2025 թվականի ապրիլին նրա մարմինը վերադարձրին Ուկրաինային՝ հեռացված ներքին օրգաններով։ Բացակայում էին ակնախնձորները, ուղեղը, կոկորդի մի մասը, կոտրված էր ենթալեզվային ոսկորը։
Պատերազմը շարունակում է խլել լրագրողների կյանքեր։ 2025 թվականին հաստատված դեպքերից են Ukrinform-ի աշխատակից Տետյանա Կուլիկի մահը (տան վրա դրոնի հարվածից), ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալլիկանի սպանությունը (FPV դրոնից) և Freedom TV-ի լրագրողներ Օլենա Հրամովայի ու Եվհեն Կարմազինի մահը (Կրամատորսկում Lancet դրոնի հարվածից)։
Կորուստներ է ունեցել նաև ռուսական մեդիան։ Զոհվել են ռուսական պետական լրատվամիջոցների առնվազն 6 աշխատակիցներ, որոնք կցված են եղել ռուսական զորքերին։ Ըստ պաշտոնական Մոսկվայի մեղադրանքների, նրանք զոհվել են ուկրաինական ուժերի հարվածների հետևանքով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել