Ուկրաինան ոչնչացնում է ՌԴ էներգետիկ համակարգը
6 ՀՈԿ 2025 07:16

Ուկրաինան ոչնչացնում է ՌԴ էներգետիկ համակարգը
6 ՀՈԿ 2025 07:16
Ուկրաինան իր «DeepStrike» ռազմավարական արշավը տեղափոխում է նոր, ավելի կործանարար փուլ՝ ուղղակիորեն թիրախավորելով Ռուսաստանի տնտեսության կենսական զարկերակը՝ նրա էներգետիկ ենթակառուցվածքները։ Ինչպես նշում է բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը, այս հարվածները ոչ միայն խաթարում են Կրեմլի ռազմական մեքենայի մատակարարումը, այլև լուրջ վառելիքային ճգնաժամ են առաջացնում երկրի ներսում։
Վերջին երկու ամսվա ընթացքում ուկրաինական ուժերը խոցել են ավելի քան 85 կարևոր թիրախ՝ զգալիորեն նվազեցնելով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ներուժը։ Հարվածների աշխարհագրությունը ձգվում է Չուվաշիայից մինչև Բաշկորտոստան՝ փաստացի կաթվածահար անելով Ռուսաստանի վառելիքային համակարգը։ Այս ընթացքում թիրախավորվել է Ռուսաստանի 38 խոշոր նավթավերամշակման գործարաններից 16-ը, ընդ որում՝ դրանցից մի քանիսը հարվածների են ենթարկվել մի քանի անգամ։ Արդյունքներն արդեն ակնհայտ են. դիզելային վառելիքի արտահանումը նվազել է 30%-ով, իսկ ՌԴ մի շարք մարզերում նկատվում է վառելիքի դեֆիցիտ, լցակայաններում գոյանում են կիլոմետրանոց հերթեր, և իշխանությունները ստիպված են լինում սահմանափակումներ մտցնել։ Հատկապես ցավոտ են կրեկինգային տեղակայանքների ոչնչացումը, որոնք նավթ են վերամշակում՝ ստանալով բենզին, դիզվառելիք և ավիավառելիք։ Արևմտյան պատժամիջոցների պայմաններում դրանք փոխարինելը գրեթե անհնար է։
Այս հաջող գործողությունների հիմքում ընկած է ուկրաինական ռազմաարդյունաբերության զարգացումը։ Հարվածների հիմնական զենքը FP-1 անօդաչու թռչող սարքերն են, որոնք ունեն մինչև 1500 կմ հեռահարություն, ճշգրիտ նավիգացիոն համակարգեր և արժեն ընդամենը 55 հազար դոլար։ Ուկրաինան օրական արտադրում է ավելի քան 100 այդպիսի անօդաչու։
Բացի այդ, գործի են դրվել ավելի հզոր «Лютий» տիպի անօդաչուները (2000 կմ հեռահարությամբ) և նորագույն FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռները։ Վերջիններս ունեն ավելի քան 3000 կմ հեռահարություն, կրում են 1,1 տոննա կշռող մարտագլխիկ և իրենց արագության շնորհիվ գրեթե անխոցելի են ռուսական հակաօդային պաշտպանության համար։
Նավթավերամշակման գործարաններից բացի, ոչնչացվում են նավթի պոմպակայաններ և պահեստներ, ինչպիսին էր Պրիմորսկում գտնվող հզոր օբյեկտը՝ Բալթիկ ծովում ռուսական խոշորագույն նավահանգիստը։ Սա խափանում է արտահանման ուղիները և Կրեմլին ստիպում է վաճառել ոչ թե պատրաստի արտադրանք, այլ հում նավթ, ինչը մի քանի անգամ ավելի քիչ եկամուտ է բերում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել