Մրցավարների սկանդալ Թուրքիայում. 371 հոգի ներգրավված
Գրանցվել
Գրանցվել
Թուրքիայում 371 մրցավար ներգրավված է խաղադրույքների սկանդալում
29 ՀՈԿ 2025 09:48
Թուրքիայում 371 մրցավար ներգրավված է խաղադրույքների սկանդալում

Թուրքիայում 371 մրցավար ներգրավված է խաղադրույքների սկանդալում

29 ՀՈԿ 2025 09:48
Թուրքական ֆուտբոլը ցնցել է աննախադեպ սկանդալը. հինգ տարի տևած հետաքննության արդյունքում պարզվել է, որ երկրի 571 պրոֆեսիոնալ մրցավարներից 371-ը գտնվում են հետաքննության տակ, իսկ նրանցից առնվազն 152-ը ակտիվորեն զբաղվել են անօրինական խաղադրույքներով։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ սկսելու է լայնածավալ կարգապահական վարույթ՝ ֆուտբոլը «կեղտից մաքրելու» համար։
Հետաքննության մանրամասները շոկային են։ Ինչպես հայտնում է BBC-ն, եթե որոշ մրցավարներ խաղադրույք են կատարել ընդամենը մեկ անգամ, ապա 42 մրցավարներ խաղադրույք են կատարել ավելի քան 1000 ֆուտբոլային հանդիպման վրա, իսկ մեկ մրցավար ռեկորդային՝ 18,227 խաղադրույք է արել։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջիօսմանօղլուն, թեև չի բարձրաձայնել մեղավորների անունները, սակայն նշել է, որ գործեր կհարուցվեն բարձրագույն երկու լիգաները սպասարկող յոթ գլխավոր և 15 եզրային մրցավարների, ինչպես նաև ավելի ցածր դիվիզիոնների 36 որակավորված և 94 եզրային մրցավարների նկատմամբ։ «Եթե մենք ցանկանում ենք թուրքական ֆուտբոլը վերադարձնել այն տեղը, որին արժանի է, մենք պետք է մաքրենք ամբողջ կեղտը», - հայտարարել է նա՝ հավելելով, որ մեղավորները կկանգնեն կարգապահական կոմիտեի առաջ և կկրեն համապատասխան պատիժ։ Հարկ է նշել, որ ֆուտբոլիստների, մարզիչների և մրցավարների համար խաղադրույքներ կատարելն արգելված է ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի կանոններով։
Սկանդալին արձագանքել են երկրի առաջատար ակումբները։ «Բեշիքթաշը» հայտարարել է, որ հետաքննության արդյունքները կարող են «մաքուր ֆուտբոլի համար նոր սկիզբ» դառնալ, իսկ «Տրաբզոնսփորը» սա որակել է «թուրքական ֆուտբոլում արդարությունը վերականգնելու պատմական հնարավորություն»։
«Սա միաժամանակ և՛ ցնցող է, և՛ խորապես տխրեցնող թուրքական ֆուտբոլի համար։ Բայց այն փաստը, որ սա բացահայտվել է, հույս է ներշնչում», — ասել է «Ֆեներբահչեի» նախագահ Սադեթթին Սարանը։
«Գալաթասարայի» նախագահ Դուրսուն Օզբեկն իր հերթին նշել է. «Այն բացահայտումը, որ դաշտում արդարություն ապահովելու համար պատասխանատու մրցավարները խաղադրույքների հաշիվներ ունեն, լուրջ հարված է ոչ միայն սպորտային էթիկային, այլև թուրքական ֆուտբոլի հիմնարար արժեքներին։ Մեր ակումբը լիովին կաջակցի արդար ֆուտբոլ հաստատելու բոլոր քայլերին»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել