Թյուրքական աշխարհը Վաշինգտոնյան փաստաթուղթը
Գրանցվել
Գրանցվել
Թյուրքական աշխարհը Վաշինգտոնյան փաստաթուղթը «հաղթանակ» է համարում
7 ՀՈԿ 2025 12:13
Թյուրքական աշխարհը Վաշինգտոնյան փաստաթուղթը «հաղթանակ» է համարում

Թյուրքական աշխարհը Վաշինգտոնյան փաստաթուղթը «հաղթանակ» է համարում

7 ՀՈԿ 2025 12:13
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով ԹՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, դրական է գնահատել Հարավային Կովկասում մշտական խաղաղության հասնելու ուղղությամբ գրանցված «զգալի առաջընթացը»։ Նրա խոսքով՝ սա վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։ Ֆիդանը գոհունակություն է հայտնել Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի կապակցությամբ՝ այն կապելով ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի հետ։ Ընդգծել է, որ ձեռք բերված առաջընթացի շնորհիվ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության նոր գծերի բացումը կնպաստի «Մետաքսի ճանապարհի» պատմական երթուղու վերականգնմանն ուղղված ջանքերին։
Անկարայի համար այս թեմայի կարևորությունը շեշտել է Թուրքիայի նախագահը։ «Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այլև անկեղծորեն աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված քայլերին»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ավելի կոնկրետ և պայմաններ թելադրող բնույթ են կրել։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության գոտու։ Սակայն, այս խաղաղասիրական հռետորաբանությանը զուգահեռ, նա հստակ շեշտել է. «Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի օկուպացիան։ Սուրբ կպահենք մեր շահիդների հիշատակը, նրանց արյունը, որ թափվել է մարտի դաշտում»։ Ալիևն առանձնահատուկ կարևորել է Վաշինգտոնյան գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը՝ այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը, նրա խոսքով, «կնպաստի տարածաշրջանային կապերի ամրապնդմանը»։
Խոսելով տարածաշրջանային զարգացման մասին՝ Ալիևը որպես առանցքային ուղղություն է նշել էներգետիկ անվտանգությունը։ Նա Ադրբեջանը ներկայացրել է որպես «անփոխարինելի և հուսալի գործընկեր», որն այժմ բնական գազ է մատակարարում 14 երկրի։ Ավելին, նա ընդգծել է Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ձևավորմանը և հայտարարել նոր, հավակնոտ նախագծի մասին. «Այժմ մենք աշխատում ենք Կենտրոնական Ասիա – Ադրբեջան – Թուրքիա – Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ»։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հայտարարությունը Վաշինգտոնյան հռչակագրին տալիս է համաթյուրքական հնչեղություն։ Նա այն որակել է որպես «թյուրքական ժողովուրդների հաղթանակ»՝ դրանով իսկ երկկողմ պայմանավորվածությունը բարձրացնելով համընդհանուր, քաղաքակրթական նվաճման մակարդակի։ Միրզիյոևը նույնպես շեշտել է, որ հռչակագիրը բացում է համագործակցության լայն հնարավորություններ տնտեսության և տրանսպորտի ոլորտներում։ Այս գնահատականը ցույց է տալիս, որ ԹՊԿ անդամ բոլոր պետությունները, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, շահագրգռված են Հարավային Կովկասում նոր կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա իրենց համար ևս ապահովում է ելք դեպի Եվրոպա՝ շրջանցելով ավանդական երթուղիները։
Փաստացի, բացակա լինելով հանդերձ, Հայաստանը «ներկա» էր Թյուրքական պետությունների կազմակերպության հանդիպմանը՝ որպես Վաշինգտոնյան հռչակագիրը ստորագրող կողմերից մեկը։ Ըստ ԹՊԿ մոտեցման, հռչակագիրը դիտարկում է որպես ռազմավարական նշանակության փաստաթուղթ, որը ծառայելու է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլև թյուրքական աշխարհի տնտեսական և քաղաքական ինտեգրման խորացմանը՝ հաստատելով նոր տարածաշրջանային ճարտարապետություն, որի կենտրոնում լինելու են Ադրբեջանն ու Թուրքիան։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել