Թրամփը դադարեցրել է բանակցությունները Վենեսուելայի հետ
7 ՀՈԿ 2025 06:52

Թրամփը դադարեցրել է բանակցությունները Վենեսուելայի հետ
7 ՀՈԿ 2025 06:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Վենեսուելայի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու ջանքերը, ինչը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կարող է ճանապարհ հարթել թմրավաճառների կամ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ հնարավոր ռազմական սրացման համար։
Բանակցությունները, որոնք վարում էր նախագահի հատուկ բանագնաց և Քենեդիի կենտրոնի գործադիր տնօրեն Ռիչարդ Գրենելը, ընդհատվել են Թրամփի անմիջական հրահանգով։ Հինգշաբթի օրը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը զանգահարել է Գրենելին և հանձնարարել դադարեցնել բոլոր դիվանագիտական շփումները, ներառյալ՝ բանակցությունները նախագահ Մադուրոյի հետ։
Ըստ պաշտոնյաների՝ նախագահ Թրամփը հիասթափված է, որ Մադուրոն չի ենթարկվում իշխանությունը կամավոր հանձնելու ամերիկյան պահանջներին և շարունակում է հերքել թմրաշրջանառությանը Վենեսուելայի իշխանությունների մասնակցությունը։ ԱՄՆ վարչակազմը մշակել է ռազմական սրացման մի քանի սցենար, որոնք կարող են ներառել նաև Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողություններ։ Պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն Մադուրոյին անվանել է «ոչ լեգիտիմ» առաջնորդ՝ բազմիցս հիշեցնելով թմրաշրջանառության մեղադրանքով նրա դեմ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործի մասին։ Ռուբիոն Մադուրոյին որակել է «ամերիկյան արդարադատությունից փախուստի դիմած անձ», իսկ ԱՄՆ-ն նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար պարգևավճարը հասցրել է 50 միլիոն դոլարի։
Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը պատրաստ է օգտագործել «ամերիկյան հզորության բոլոր տարրերը»՝ թմրանյութերի մուտքը ԱՄՆ կանխելու համար։
Դիվանագիտության դադարեցմանը զուգահեռ՝ վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պաշտոնական «զինված հակամարտության» մեջ է թմրակարտելների դեմ՝ նրանց դիտարկելով որպես ահաբեկչական կազմակերպություններ, իսկ թմրանյութ տեղափոխող անդամներին՝ «ապօրինի մարտիկներ»։ Սա, ըստ որոշ պաշտոնյաների, կարող է ազդանշան լինել, որ ԱՄՆ-ն նախատեսում է ընդլայնել ռազմական գործողությունները։
Վերջին ամիսներին, չնայած Գրենելի բանակցություններին, ԱՄՆ զինուժն արդեն չորրորդ անգամ հարված է հասցրել Վենեսուելայի մոտակայքում գտնվող միջազգային ջրերում նավակի, որը, ըստ պաշտոնական հայտարարության, թմրանյութ էր տեղափոխում։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությամբ՝ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ։
Գրենելը փորձում էր գործարք կնքել, որը թույլ կտար խուսափել ավելի լայն հակամարտությունից և ամերիկյան ընկերություններին հասանելիություն կտար վենեսուելական նավթին։ Սակայն Ռուբիոն և նրա դաշնակիցները կարծում են, որ Գրենելի ջանքերն անօգուտ էին և շփոթություն էին առաջացնում։ Դիվանագիտության կողմնակիցները մտավախություն ունեն, որ հակաթմրանյութային արշավի ընդլայնումը և Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձերը կարող են ԱՄՆ-ին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ, ինչից Թրամփը խոստացել էր խուսափել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել