Թրամփի վերջնագիրը ՀԱՄԱՍ-ին խաղաղության հույս է տվել
4 ՀՈԿ 2025 11:20

Թրամփի վերջնագիրը ՀԱՄԱՍ-ին խաղաղության հույս է տվել
4 ՀՈԿ 2025 11:20
Երկու տարի տևած արյունալի պատերազմից հետո Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորություն է ստեղծվել, որը, սակայն, որքան երկար սպասված, նույնքան էլ փխրուն է։ Գործընթացի կատալիզատորը դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ և աննախադեպ վերջնագիրը ՀԱՄԱՍ-ին, որին հաջորդեց շարժման մասնակի համաձայնությունը, Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և համաշխարհային առաջնորդների կողմից ողջունվող, բայց զգուշավոր լավատեսական արձագանքների տարափը։
Ամեն ինչ սկսվեց Դոնալդ Թրամփի աներկբա հայտարարությունից, որը ՀԱՄԱՍ-ին այլընտրանք չէր թողնում։ «Եթե այս ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ համաձայնագիրը չկնքվի, «Համաս»-ի դեմ բոլորովին աննախադեպ «դժոխք» կբռնկվի»։ Այս խոսքերով ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև կիրակի երեկո ժամանակ տվեց՝ ընդունելու Գազայի ապագայի վերաբերյալ իր մշակած 21-կետանոց ծրագիրը։
Ճնշման տակ հայտնված ՀԱՄԱՍ-ի պատասխանը չուշացավ։ Շարժումը հայտարարեց, որ համաձայն է ազատ արձակել բոլոր պատանդներին և պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել։ Սակայն, այս դրական քայլին զուգահեռ, ՀԱՄԱՍ-ը շրջանցեց ծրագրի ամենավիճահարույց և սկզբունքային կետը՝ զինաթափումը։ Փոխարենը, շարժման ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուքը ներկայացրեց սեփական նախապայմանները․զինաթափումը պետք է լինի ոչ թե բանակցությունների նախապայման, այլ վերջնական կարգավորման և Պաղեստինյան պետության ստեղծման տրամաբանական հետևանք։ Մարզուքը նաև խոստովանեց պատերազմի ծանր հետևանքները շարժման համար․ «Խնդիրն այն է, որ «Համասի» ռազմական կարողությունների 90%-ը ոչնչացվել է։ Այսինքն՝ այլևս ոչ մի լավ բան չկա, որի մասին «Համասը» կարող է խոսել՝ կապված զենքի հետ»։
Փորձագետները ՀԱՄԱՍ-ի այս քայլը գնահատում են որպես հաշվարկված և խելացի մարտավարություն։ Վերլուծաբան Ամջադ Իրաքիի կարծիքով՝ սա թույլ տվեց շարժմանը մի կողմից խուսափել Թրամփի հարվածի տակ հայտնվելուց, մյուս կողմից՝ տեղ փողնել սակարկելու համար։
ՀԱՄԱՍ-ի մասնակի համաձայնությունից անմիջապես հետո Թրամփը կոչ արեց Իսրայելին դադարեցնել Գազայի ռմբակոծությունները, և շուտով իսրայելական լրատվամիջոցները հաղորդեցին, որ բանակին հրահանգվել է կանգնեցնել հարձակողական գործողությունները։
Այս զարգացումները ողջունեցին համաշխարհային առաջնորդները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց կողմերին օգտվել առիթից՝ կրկնելով իր պահանջը «անհապաղ և մշտական հրադադարի, բոլոր պատանդների անհապաղ ու անվերապահ ազատ արձակման և անարգել մարդասիրական մուտքի ապահովման» մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշեց. «Բոլոր պատանդների ազատ արձակումը և Գազայում հրադադարը հասանելի են։ ...Մենք այժմ հնարավորություն ունենք վճռորոշ առաջընթաց գրանցելու դեպի խաղաղություն»։
Գոհ է անգամ Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը ՀԱՄԱՍ-ի արձագանքը «կառուցողական և զգալի քայլ» անվանեց։
Արձագանքեց նաև Բեռլինը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց. «Գրեթե երկու տարի անց, սա խաղաղության լավագույն հնարավորությունն է»։
Իրադարձություններն ամփոփեց ինքը՝ Դոնալդ Թրամփը․ «Ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա շատ հատուկ օր է, շատ առումներով՝ աննախադեպ է։ ...Բոլորը միասնական էին՝ ցանկանալով, որ այս պատերազմն ավարտվի և խաղաղություն հաստատվի Մերձավոր Արևելքում։ Եվ մենք շատ մոտ ենք դրան հասնելուն»։
Թե որքանով են իրական այդ ակնկալիքները՝ ցույց կտան առաջիկա օրերը, գուցե և՝ ժամերը։ Այս պահին հստակը սպանվածների հսկայական թիվն է։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվեց 1200 իսրայելցի, իսկ Իսրայելի հարվածները Գազայում 66,000 պաղեստինցու կյանք են խլել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել