Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ բանակցությունները
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները
24 ՀՈԿ 2025 10:53
Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները

Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները

24 ՀՈԿ 2025 10:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները դադարեցնելու մասին։ Պատճառը դարձել է կանադական կողմի հեռարձակած մի գովազդային հոլովակ, որը Թրամփը որակել է որպես «խարդախություն»։
Հակասությունների առիթ դարձած գովազդում, որը պատվիրել էր Կանադայի Օնտարիո նահանգի կառավարությունը, օգտագործվել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանի ելույթից մի հատված։ Այդ ելույթում Ռեյգանը քննադատում է սակագները՝ նշելով, որ դրանք հանգեցնում են աշխատատեղերի կորստի և առևտրային պատերազմների։
Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը այս շաբաթվա սկզբին հաստատել էր, որ հակասակագնային ուղերձով հոլովակը գրավել է Թրամփի ուշադրությունը։ «Ես լսել եմ, որ նախագահը տեսել է մեր գովազդը։ Վստահ եմ՝ նա այնքան էլ գոհ չի մնացել», - ասել էր Ֆորդը։
Իրավիճակին անդրադարձել է նաև «Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամը»՝ հայտարարելով, որ Օնտարիոյի կառավարությունը «ընտրանքային ձայնային և տեսանյութեր» է օգտագործել, որոնք խեղաթյուրում են Ռեյգանի 1987 թվականի ռադիոուղերձի բովանդակությունը։ Հիմնադրամը նշել է, որ իրենցից թույլտվություն չեն ստացել և այժմ քննարկում են իրավական քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։
Ի պատասխան այս ամենի՝ Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում կտրուկ գրառում է կատարել. «Հիմնվելով նրանց աղաղակող պահվածքի վրա՝ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԵՏ ԲՈԼՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ»։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել կանադական պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների նկատմամբ, ինչին Օտտավան պատասխանել էր նույն կերպ։ Կողմերը շաբաթներ շարունակ բանակցում էին պողպատի և ալյումինի ոլորտներում հնարավոր գործարքի շուրջ։
Կանադայի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։ Սակայն վարչապետ Մարկ Քարնին ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադան թույլ չի տա ԱՄՆ-ին անարդար մուտք ունենալ իր շուկաներ, եթե Վաշինգտոնի հետ առևտրային բանակցությունները ձախողվեն։
Հաջորդ տարի ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան պետք է վերանայեն 2020 թվականին կնքված մայրցամաքային ազատ առևտրի համաձայնագիրը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել