«TRIPP»-ի հայկական հատվածի ժամկետները դեռ հստակ չեն. Միրզոյան
5 ՆՈՅ 2025 08:16

«TRIPP»-ի հայկական հատվածի ժամկետները դեռ հստակ չեն. Միրզոյան
5 ՆՈՅ 2025 08:16
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խուսափել է նշել «TRIPP» նախագծի հայկական հատվածի գործարկման հստակ ժամկետներ, սակայն ընդգծել է, որ տեխնիկական քննարկումներն ակտիվ փուլում են։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» համաժողովի ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչը հետաքրքրվել է, թե երբ պատրաստ կլինի ճանապարհի հայկական հատվածը՝ նշելով, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2028 թվականը բացել Կարս-Նախիջևան և իր տարածքում գտնվող մյուս հատվածները։
Ի պատասխան՝ նախարար Միրզոյանը նշել է, որ դժվարանում է խոսել ժամկետների մասին, սակայն հավելել է, որ գործընթացն ընթացքի մեջ է։ «Մենք բառացիորեն հենց այսօր էլ ամերիկյան կողմի հետ քննարկում ենք տեխնիկական հարցերը»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ քննարկվում են բոլոր մանրամասները՝ փաստաթղթերից մինչև էլեկտրոնային սկաներների տեղադրում։
Միրզոյանը վերահաստատել է, որ Երևանը խորապես շահագրգռված է նախագծի շուտափույթ մեկնարկով՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունների կարևորությունը։
«Եթե ձեր համար կարևոր է Նախիջևանի հետ կապը, ապա մեր համար կարևոր է ապաշրջափակումը»,- նշել է նա։ Այս համատեքստում նախարարը դրական է գնահատել այն փաստը, որ Բաքուն վերացրել է Հայաստանի համար տարանցման շրջափակումը՝ դա անվանելով «կարևոր շոշափելի քայլ»։ Իր հերթին, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Թուրքիայից Ադրբեջան տարանցումը։
Նախարարը հատուկ կարևորել է Կարս-Գյումրի ճանապարհի բացումը, որը, նրա խոսքով, ապրանքների տարանցման լայն հնարավորություններ կստեղծի՝ Եվրոպայից դեպի Արևելք։
Անդրադառնալով իրանցի ներկայացուցչի հարցին՝ ճանապարհի հնարավոր վարձակալության ժամկետների մասին, Արարատ Միրզոյանը հստակեցրել է, որ քննարկվում են տարբեր տարբերակներ, այդ թվում՝ 99 տարվա վարձակալությունը, սակայն սա զուտ տնտեսական հաշվարկների հարց է՝ կախված ներդրումների ծավալից և դրանց վերադարձելիության ժամկետներից։ «Հարցերը քննարկվում են։ Դեռևս որոշում չկա, երբ կլինի, կհրապարակենք»,- խոստացել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել