Tomahawk-ները Ուկրաինային․ ի՞նչ կփոխվի
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը սպառնացել է Ուկրաինային Tomahawk հրթիռներ ուղարկել
14 ՀՈԿ 2025 06:37
Թրամփը սպառնացել է Ուկրաինային Tomahawk հրթիռներ ուղարկել

Թրամփը սպառնացել է Ուկրաինային Tomahawk հրթիռներ ուղարկել

14 ՀՈԿ 2025 06:37
Մեկ տարի առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ BGM-109 Tomahawk թևավոր հրթիռներ ստանալու խնդրանքն ամերիկյան վարչակազմը համարել էր «բացարձակապես անիրատեսական»։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահը հրապարակավ հայտարարեց. «Հնարավոր է՝ ես խոսեմ նրա [Վլադիմիր Պուտինի] հետ։ Հնարավոր է՝ ասեմ. լսի՛ր, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես նրանց [Ուկրաինային] Tomahawk հրթիռներ կուղարկեմ»։
Ուկրաինային աջակցելու ամերիկյան քաղաքականությունը մամուլում վաղուց անվանում են «ոչ, ոչ, ոչ, այո»։ Սա ակնարկ է, որ այն զինատեսակները, որոնք Վաշինգտոնը սկզբում հրաժարվում է տրամադրել, վաղ թե ուշ, միևնույն է, հանձնվում են Կիևին։ Հենց այսպես եղավ Abrams տանկերի, F-16 կործանիչների և ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների դեպքում։ Թեև յուրաքանչյուր անգամ զենքը տրամադրվել է այնպիսի քանակությամբ, որը չի կարողացել որոշիչ դեր խաղալ պատերազմում, Tomahawk-ների փոխանցման հավանականությունն այլևս զրոյական չէ։
Գլխավոր խոչընդոտը մնում է այն, որ Tomahawk-ը ծովային բազավորման հրթիռ է, որն արձակվում է Mk41 ուղղահայաց կայաններից, որոնք տեղադրվում են նավերի և սուզանավերի վրա։ Ուկրաինան նման հնարավորություններ չունի։ Թեև ԱՄՆ-ում վերսկսվել է ցամաքային բազավորման Typhon համակարգերի արտադրությունը, դրանք դեռևս շատ քիչ են, և կասկածելի է, որ Վաշինգտոնը կկիսվի իր նորագույն զինատեսակով։
Այդուհանդերձ, նույնիսկ նման զենքի փոխանցման տեսական հնարավորությունը Ռուսաստանում լուրջ է ընկալվում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Tomahawk-ների թեման ծայրահեղ անհանգստություն է առաջացնում»։ Իսկ Վլադիմիր Պուտինը դրանք անվանել է «հզոր և սպառնալիք ներկայացնող» զենք, որը, սակայն, «չի փոխի իրավիճակը մարտի դաշտում»։
Tomahawk-ը չի կարող ուղղակիորեն ազդել ռազմաճակատի գծի վրա, քանի որ այն նախատեսված է խորը թիկունքի թիրախները խոցելու համար։ Այս հրթիռներն ունակ են թիրախներ խոցել 1600-ից 2500 կիլոմետր հեռավորության վրա՝ թռչելով գերցածր բարձրության վրա և շրջանցելով տեղանքի ռելիեֆը, ինչը գրեթե անհնարին է դարձնում դրանց որսումը։
Նման հեռահար և բարձր ճշգրտության զենքի կիրառումը կպահանջի սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես՝ հետախուզական տվյալների տրամադրման և թռիչքի երթուղու մշակման հարցում։ ԱՄՆ-ն արդեն իսկ օգնում է Կիևին՝ ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ անօդաչուների հարվածներն ավելի արդյունավետ դարձնելու հարցում։
Հաշվի առնելով Չինաստանի հետ հնարավոր պատերազմի մտավախությունները, ԱՄՆ-ն դժվար թե Ուկրաինային տրամադրի այնքան հրթիռ, որը կարող է փոխել պատերազմի ողջ ընթացքը։ Սակայն նույնիսկ տասնյակ, այլ ոչ թե հարյուրավոր Tomahawk-ներ, զուգակցվելով այլ միջոցների հետ, կարող են նկատելի դեր խաղալ՝ լրջորեն վնասելով Ռուսաստանի տնտեսությունը և ռազմական ենթակառուցվածքները։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ ԱՄՆ-ը այդ զինատեսակը Ուկրաինային փոխանցելու թեման օրակարգում է թողնում հույսով, թե այդ դեպքում Ռուսաստանն ավելի լուրջ կմտածի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել