Թրամփը Քնեսեթում կոչ է արել ներում շնորհել Նեթանյահուին
14 ՀՈԿ 2025 07:58

Թրամփը Քնեսեթում կոչ է արել ներում շնորհել Նեթանյահուին
14 ՀՈԿ 2025 07:58
Նույնիսկ Գազայից գերիների վերադարձին և երկամյա պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվեց Իսրայելում բուռն բանավեճերի նոր ալիք հրահրել։ Նրա միջամտությունը երկրի ներքին գործերին այնքան անսպասելի և ուղիղ էր, որ չէր կարող աննկատ մնալ։
Իրադարձությունների կիզակետում հայտնվեց Երուսաղեմում՝ Քնեսեթում Թրամփի ունեցած մեկ ժամանոց ելույթը։ Իր խոսքի ընթացքում Թրամփն անսպասելիորեն շրջվեց դեպի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և ուղիղ կոչով հանդես եկավ՝ պաշտպանելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ «Ներում շնորհեցե՛ք նրան, դե լավ էլի»,- ժպտալով ասաց Թրամփը՝ մատնացույց անելով Նեթանյահուին, ում նա անվանեց «բոլոր ժամանակների մեծագույն» ռազմական առաջնորդներից մեկը։ Այնուհետև, փորձելով նսեմացնել մեղադրանքների լրջությունը, նա ավելացրեց. «Սիգարներ և շամպա՞յն։ Սատանան տանի, ու՞մ է դա, ընդհանրապես, հետաքրքրում»։
Ինչպես նշում է Politico-ն, այս արտահայտությունները վառ կերպով ընդգծեցին Թրամփի պատրաստակամությունը՝ միջամտել Իսրայելի ներքին գործերին, ընդ որում՝ դա անելով իրեն բնորոշ սադրիչ և ոչ դիվանագիտական եղանակով՝ իր դաշնակցին օգնելու համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը կոչ է անում ներում շնորհել Նեթանյահուին։ Վարչապետին մեղադրանք է առաջադրվել դեռևս 2019 թվականին՝ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման հոդվածներով։ Դատական գործը բազմիցս հետաձգվել է՝ Նեթանյահուի իրավական մանևրների, ինչպես նաև Գազայում պատերազմի ընթացքում անվտանգության նկատառումների պատճառով։
Այս ամբողջ ընթացքում Նեթանյահուն համառորեն պնդում է իր անմեղությունը՝ հայտարարելով, որ իր դեմ հարուցված գործերը կազմակերպված «ձախերի դավադրության» մաս են, որի նպատակն է տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված աջակողմյան առաջնորդին։ Հատկանշական է, որ Թրամփն օգտագործում է ճիշտ նույն փաստարկը՝ իր դեմ հարուցված բազմաթիվ դատական գործերի առնչությամբ։ Երկու առաջնորդներն էլ իրենց ներկայացնում են որպես քաղաքական «վհուկների որսի» զոհեր, ինչը, կարծես թե, էլ ավելի է ամրապնդում նրանց միջև առկա անձնական և քաղաքական սերտ կապը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել