Թրամփը նպատակ ունի առևտրային գործարք կնքել Սի Ծինփինի հետ
25 ՀՈԿ 2025 07:27

Թրամփը նպատակ ունի առևտրային գործարք կնքել Սի Ծինփինի հետ
25 ՀՈԿ 2025 07:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձության է ենթարկելու գործարքներ կնքելու իր ունակությունները Ասիա կատարելիք այցի ընթացքում՝ մի տարածաշրջան, որը տուժել է նրա վարած առևտրային կոշտ քաղաքականությունից։ Միևնույն ժամանակ, կասկածի տակ է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նրա խիստ սպասված հանդիպման հարցը։
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Վաշինգտոնից մեկնած Թրամփը հնգօրյա այցով կլինի Մալայզիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան և ամենաերկար արտասահմանյան ուղևորությունը՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Այցի գլխավոր նպատակն է առևտրային, կարևոր հանքանյութերի և հրադադարի վերաբերյալ գործարքների կնքումը, սակայն ամենադժվար մարտահրավերը լինելու է հինգշաբթի օրը Հարավային Կորեայում Սի Ծինփինի հետ դեմ առ դեմ հանդիպումը։
Վաշինգտոնն ու Պեկինը բարձրացրել են միմյանց արտահանվող ապրանքների մաքսատուրքերը և սպառնացել ամբողջությամբ դադարեցնել առևտուրը կարևոր հանքանյութերի և տեխնոլոգիաների ոլորտում։ Կողմերից ոչ մեկը չի ակնկալում բեկում, որը կվերականգնի մինչև Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկը գոյություն ունեցող առևտրային պայմանները։ 
Փոխարենը, հանդիպման նախապատրաստական բանակցությունները կենտրոնացել են համեստ բարելավումների և տարաձայնությունների կառավարման վրա։ Հնարավոր միջանկյալ համաձայնությունը կարող է ներառել մաքսատուրքերի սահմանափակ մեղմացում, ընթացիկ դրույքաչափերի երկարաձգում կամ Չինաստանի կողմից ամերիկյան սոյայի և «Բոինգ» ընկերության ինքնաթիռների գնման պարտավորություն։ Չինական կողմը դեռ չի հաստատել հանդիպման պայմանավորվածության մասին լուրը։
Թրամփը սպառնացել է, որ գործարքի չգալու դեպքում նոյեմբերի 1-ից չինական ներմուծման մաքսատուրքերը կհասցնի մինչև 155%-ի։ Առևտրից բացի, երկու առաջնորդները նախատեսում են քննարկել Թայվանի հարցը, ինչպես նաև Ռուսաստանի թեման։ Թրամփը նշել է, որ մտադիր է բարձրացնել Հոնկոնգում բանտարկված լրագրող Ջիմի Լայի ազատ արձակման հարցը ևս։
Այցի ընթացքում Թրամփը կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովին, որը մեկնարկում է կիրակի օրը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ Այնտեղ նա կարող է ականատես լինել Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմանը։
Այնուհետև Թրամփը կմեկնի Ճապոնիա՝ հանդիպելու նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ, որը, սպասվում է, կվերահաստատի ռազմական ծախսերն ավելացնելու և ԱՄՆ-ում 550 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու նախորդ իշխանության պլանները։ Այցի վերջին կանգառը կլինի Հարավային Կորեայի Բուսան քաղաքը, որտեղ միջազգային առևտրային գագաթնաժողովից առաջ Թրամփը նախատեսում է հանդիպել Սի Ծինփինի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել