Թրամփի բանագնացը գործարք կնքեց Լուկաշենկոյի հետ
Գրանցվել
Գրանցվել
Թրամփի անձնական բանագնացը գործարք է կնքել Լուկաշենկոյի հետ
11 ՍԵՊ 2025 12:06
Թրամփի անձնական բանագնացը գործարք է կնքել Լուկաշենկոյի հետ

Թրամփի անձնական բանագնացը գործարք է կնքել Լուկաշենկոյի հետ

11 ՍԵՊ 2025 12:06
Սեպտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփի բանագնաց Ջոն Քոուլն այցելեց Մինսկ և հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այցը սովորականներից չէր, քանի որ, ըստ աղբյուրների, այն կազմակերպվել էր ոչ թե ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով, այլ որպես անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ առաքելություն։ Մինսկ ուղարկված անձը կարիերային դիվանագետ չէր։ Ջոն Քոուլն ամերիկացի իրավաբան է, որը հայտնի է բարձր մակարդակի բանակցությունների ոլորտում իր աշխատանքով։
Հանդիպման կենտրոնական տարրը Դոնալդ Թրամփի անձնական նամակն էր, որը Քոուլը հանձնեց Լուկաշենկոյին։ Պաշտոնական աղբյուրներին հղում անելով՝ որոշ լրատվամիջոցներ հրապարակել են հատվածներ այդ նամակից։ «Հարգարժան պարոն Լուկաշենկո, Մելանյան միանում է ինձ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ մեր լավագույն մաղթանքները փոխանցելու համար։ Մենք աղոթում ենք Ձեր առողջության և բարեկեցության համար», - գրել է ԱՄՆ նախագահը Բելառուսի առաջնորդին։
Ջոն Քոուլը հատկապես նշեց, որ Թրամփը նամակում ստորագրել է որպես «Դոնալդ», ինչը բարեկամության նշան է։ Շնորհավորական նամակի հետ նվեր էլ է ստացել Բելառուսի նախագահը։ Թրամփը Լուկաշենկոյին նվիրել է Սպիտակ տան պատկերով ճարմանդներ։ Լուկաշենկոն նշել է, որ ճարմանդները «հետաքրքիր» են և հավելել, որ կփորձի «պարտքի» տակ չմնալ:
Զրույցը, ինչպես հաղորդում են բելառուսական պետական լրատվամիջոցները և հաստատում է արդյունքը, եղել է խիստ գործարքային։ Այն հիմնականում կենտրոնացած էր բանտարկյալների ազատ արձակման վրա։ Նամակը ստանալուց հետո, Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը, թե նախագահը «պատրաստ է գործարք կնքել»։
Քննարկման առանցքը բանտարկյալների ցուցակն էր, որոնց ազատ արձակմանը ձգտում էր ԱՄՆ-ը։ 52 անձանցից բաղկացած խումբը տարբեր ազգությունների էր։ Առաքելության ամենաուշագրավ կողմն դրա անհապաղ հաջողությունն էր։ Հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատան (որը գործում է Լիտվայի Վիլնյուս քաղաքից) խոսնակը հաստատեց արդյունքը. ազատ է արձակվել 52 բանտարկյալներից բաղկացած բազմազգ խումբը։ 52 բանտարկյալի, այդ թվում՝ Լիտվայի 6 քաղաքացիների ազատ արձակման տեղեկությունը հաստատել է նաև Լիտվայի նախագահ Նաուսեդան։
Արձակված անձինք Բելառուսում չեն մնացել։ Նրանց անմիջապես վերցրել են ԱՄՆ պատվիրակության խնամակալության տակ և ցամաքային ճանապարհով տեղափոխել Լիտվա։ Դա հստակ նշան է, որ գործարքն իրականացվել է արագ՝ ցանկացած հետքայլ կանխելու համար։
Սակայն շատ վերլուծաբաններ հակված են մտքին, որ սա մեկանգամյա ակցիա չի լինի։ Վաշինգտոնը քայլեր կանի Բելառուսի հետ կապերը կանոնակարգելու ուղղությամբ։ ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել դեսպանատունը Մինսկ, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է Ջոն Քոուլ։
«Դեռ շատ բան կա անելու այդ հարաբերությունները հետագայում կարգավորելու, բարելավելու և այլնի համար։ Մենք ուզում ենք մեր դեսպանատունը վերադարձնել Մինսկ։ Մենք ուզում ենք, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան, առևտուրը զարգանա»,- հայտնել է ԱՄՆ նախագահի դեսպանորդը։ Նա նաև հավելել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ՝ ԱՄՆ - Բելառուս հարաբերությունները վերջնականապես կարգավորելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել