Թրամփ-Սի հանդիպում. ԱՄՆ-ը 10%-ով կիջեցնի մաքսատուրքերը
30 ՀՈԿ 2025 05:48

Թրամփ-Սի հանդիպում. ԱՄՆ-ը 10%-ով կիջեցնի մաքսատուրքերը
30 ՀՈԿ 2025 05:48
Ինչպես և անոնսավորել էին Վաշինգտոնից և պեկինից, կայացել է Թրամփ-Սի հանդիպումը։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայացած բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության է եկել Չինաստանի հետ՝ չինական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 57%-ից 47% իջեցնելու շուրջ։ Սա նշանակալի զիջում է, որը նպատակ ունի թուլացնել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև երկարատև առևտրային պատերազմը։ Բանակցությունների մեկնարկին Թրամփը լավատեսություն էր հայտնել՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնն ու Պեկինը երկարաժամկետ հեռանկարում կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ»։
«Մեծ պատիվ է այսօր հանդիպել իմ վաղեմի ընկերոջ՝ Չինաստանի պատվարժան և հարգված նախագահի հետ։ Մենք կզրուցենք։ Կարծում եմ՝ մենք արդեն համաձայնության ենք եկել շատ հարցերի շուրջ, և մենք համաձայնության ենք գալու շատ ավելի շատ հարցերի շուրջ։ Նախագահ Սին մեծ երկրի մեծ առաջնորդ է։ Ես հավատում եմ, որ մենք երկար ժամանակ ֆանտաստիկ հարաբերություններ կունենանք», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ դրական տոն հաղորդելով բանակցություններին։
Այս լավատեսական մթնոլորտում ձեռք բերված գործարքը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ։ Ի պատասխան մաքսատուրքերի նվազեցման՝ Պեկինը համաձայնել է վերսկսել ամերիկյան սոյայի զանգվածային գնումները, երաշխավորել հազվագյուտ հողային մետաղների անխափան արտահանումը, որոնց համաշխարհային շուկայում Չինաստանը գերիշխող դիրք ունի, և խստացնել պայքարը ֆենտանիլի՝ սինթետիկ թմրամիջոցի ապօրինի առևտրի դեմ։
Երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը, որն առաջինն էր 2019 թվականից ի վեր, տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում և տևել է գրեթե երկու ժամ։ Այն դարձել է Թրամփի լայնածավալ ասիական շրջագայության եզրափակիչ ակորդը, որի ընթացքում նա նաև առևտրային ոլորտում առաջընթացի մասին էր հայտարարել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ։ 
«Ես կարծում եմ, որ սա զարմանալի հանդիպում էր», - նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա լարվածությունը երկար ժամանակ բացասաբար էր անդրադառնում համաշխարհային մատակարարման շղթաների և գործարար վստահության վրա, ուստի այս հանդիպմանը բոլորը սպասում էին մեծ հույսերով։ Մինչև բանակցությունները Ուոլ Սթրիթից մինչև Տոկիո համաշխարհային բորսաները ռեկորդային աճ էին գրանցել՝ հնարավոր «առևտրային զինադադարի» ակնկալիքով։ Սակայն Թրամփի հայտարարություններից հետո, երբ հայտնի դարձան գործարքի մանրամասները, ֆոնդային շուկաներում անկայունություն առաջացավ։ Ասիական հիմնական ինդեքսները և եվրոպական ֆյուչերսները սկսեցին տատանվել, իսկ Չինաստանի Shanghai Composite Index-ը նահանջեց իր վերջին 10 տարվա առավելագույն ցուցանիշից։ Որոշակի թուլացում նկատվեց նաև ամերիկյան սոյայի ֆյուչերսների շուկայում։
Չնայած դրական մթնոլորտին և ձեռք բերված պայմանավորվածությանը, դեռևս բազմաթիվ հարցեր են մնում անպատասխան։ Անհայտ է, թե որքան երկար կտևի առևտրային այս «լարվածության թուլացումը»։
Փորձագետները նշում են, որ երկու երկրներն էլ շարունակում են կոշտ դիրքորոշում որդեգրել տնտեսական և աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային ոլորտներում։ Այս հանգամանքը լուրջ մարտահրավեր է ստեղծում երկարաժամկետ և կայուն հարաբերությունների հաստատման համար և կասկածի տակ է դնում ձեռք բերված զինադադարի ամրությունը։ Հանդիպման ավարտին Թրամփը ջերմ ձեռքսեղմումով է ճանապարհել Սի Ծինփինին՝ նրան ուղեկցելով մինչև մեքենան, սակայն գլոբալ հակասությունների լուծման ճանապարհը դեռևս երկար է թվում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել