Թրամփն առաջարկել է Գազայի խաղաղության ծրագիրը
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը առաջարկել է Գազայի խաղաղության ծրագիր
25 ՍԵՊ 2025 05:24
Թրամփը առաջարկել է Գազայի խաղաղության ծրագիր

Թրամփը առաջարկել է Գազայի խաղաղության ծրագիր

25 ՍԵՊ 2025 05:24
Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ համատեղ արաբական և մահմեդական երկրների ղեկավարներին է ներկայացրել Գազայի պատերազմի դադարեցմանն ուղղված ամերիկյան առաջին պաշտոնական ծրագիրը։ Հանդիպմանը մասնակցած աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման հրատապությունը՝ նշելով.
«Ամեն օր, քանի դեռ պատերազմը շարունակվում է, Իսրայելն ավելի ու ավելի է մեկուսանում աշխարհում»։
ԱՄՆ վարչակազմի կողմից ներկայացված փաստաթուղթը նախատեսում է բազմափուլ կարգավորում, որը ներառում է մի քանի առանցքային սկզբունքներ։ Առաջին հերթին, պլանը պահանջում է բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում և կրակի կայուն դադարեցում։ Դրան պետք է հաջորդի իսրայելական զորքերի փուլային դուրսբերումը Գազայի հատվածից։
Հետպատերազմյան կառավարման համար առաջարկվում է ստեղծել ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը բացառող կառավարման մեխանիզմ, որը հայտնի է որպես «հաջորդ օրվա ծրագիր»։ Անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում է ձևավորել միջազգային անվտանգության ուժեր՝ արաբական և մահմեդական երկրների զինվորականների մասնակցությամբ։ Գազայի հատվածի վերականգնման և նոր կառավարության ֆինանսավորումը պետք է ստանձնեն արաբական երկրները։ Ծրագրում նաև որոշակի դերակատարում է վերապահված Պաղեստինյան ինքնավարությանը։ Նշվում է, որ այս կետերից շատերը համահունչ են Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի նախկինում մշակած դրույթներին։
Արաբ և մահմեդական առաջնորդները պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաձեռնությանը, սակայն առաջ են քաշել մի շարք հստակ պայմաններ։ Նրանք պահանջում են, որ Իսրայելը հրաժարվի Հուդեայի և Սամարիայի (Արևմտյան ափ) կամ Գազայի տարածքների բռնակցումից, չօկուպացնի Գազայի որևէ հատված և նոր բնակավայրեր չկառուցի այնտեղ։ Բացի այդ, Իսրայելը պետք է դադարեցնի Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ ստատուս քվոն խախտող գործողությունները և անհապաղ ավելացնի Գազային տրամադրվող մարդասիրական օգնությունը։ Ի պատասխան՝ Թրամփը վստահեցրել է, որ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Հուդեայի և Սամարիայի տարածքները։
Բանակցությունների արդյունքում արաբ առաջնորդները հույս են հայտնել, որ սեղանին դրված է լուրջ ծրագիր։ Սեպտեմբերի 24-ից արդեն մեկնարկել են լրացուցիչ քննարկումներ՝ առաջարկվող սկզբունքները գործնական քայլերի վերածելու համար։
Իսրայելական կողմի տեղեկություններով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդհանուր գծերով ծանոթ է նախաձեռնությանը։ Սպասվում է, որ Թրամփը Նեթանյահուի հետ ծրագիրը կքննարկի սեպտեմբերի 29-ին՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը։ Սակայն Իսրայելի վարչապետն արդեն հասցրել է հայտարարել. «Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առջև ոչ մի կերպ չի պարտավորեցնի Իսրայելին։ Պաղեստինյան պետություն չի ստեղծվի»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել