Թրամփը կողմ է Էփշտեյնի գործով նյութերի հրապարակմանը
17 ՆՈՅ 2025 08:45

Թրամփը կողմ է Էփշտեյնի գործով նյութերի հրապարակմանը
17 ՆՈՅ 2025 08:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին քվեարկել սեռական թրաֆիքինգի համար դատապարտված միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի գործով բոլոր փաստաթղթերի ամբողջական բացահայտման օգտին՝ չնայած այն հանգամանքին, որ իր անունը ևս բազմիցս հիշատակվել է նամակագրություններում։ Այս զարգացմանը նախորդել էր Էփշտեյնի զոհերի տեսաուղերձը՝ ուղղված Կոնգրեսին, որով նրանք պահանջում էին քվեարկություն անցկացնել գործի նյութերը հանրայնացնելու համար։
«Truth Social» սոցիալական ցանցում Թրամփը գրել է. «Մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Ժամանակն է առաջ շարժվել»։ Նա ընդգծել է, որ ժամանակն է վերջ տալ այս «դեմոկրատական խաբեությանը»։
Թրամփի դիրքորոշման այս կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդամենը երեք օր առաջ նա հրապարակումներին դեմ էր արտահայտվում՝ պնդելով, որ «Էփշտեյնը դեմոկրատ էր, և դա նրանց խնդիրն է»։ Ըստ ABC News-ի՝ Սպիտակ տան ղեկավարի այս շրջադարձը տեղի է ունեցել այն պահին, երբ մինչև 100 հանրապետական կոնգրեսականներ պատրաստակամություն են հայտնել քվեարկել բոլոր նյութերի բացահայտման օգտին։
Լարվածությունը սրվել է նոյեմբերի 12-ին, Էփշտեյնի տասնյակ հազարավոր նոր էլեկտրոնային նամակների հրապարակումից հետո, որոնք հանրայնացվել են դեմոկրատ կոնգրեսականների կողմից։ Այդ նամակներում Թրամփի անունը հիշատակվում է երկիմաստ համատեքստում՝ սկսած «Թրամփից վատ ոչ ոք չկա» արտահայտությունից մինչև «Ես միակն եմ, ով կարող է նրան ոչնչացնել» գաղտնիքային ձևակերպումը։ Մեկ այլ դրվագում հիշատակվում է, որ Թրամփը ժամանակին «մի քանի ժամ» է անցկացրել Էփշտեյնի հայտնի զոհերից մեկի՝ Վիրջինիա Ջուֆրեի հետ՝ միլիարդատիրոջ տանը։
Սկանդալի ֆոնին Թրամփը նաև հետաքննություն է պահանջել Բիլ Քլինթոնի նկատմամբ, որը, ըստ ԶԼՄ-ների, բազմիցս թռիչքներ է կատարել Էփշտեյնի անձնական ինքնաթիռներով։ Այսպիսով, Էփշտեյնի գործը շարունակում է մնալ ԱՄՆ քաղաքական կյանքի կենտրոնում՝ ներառելով երկու կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչների։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար