Թրամփը հրամայել է վերսկսել ԱՄՆ միջուկային փորձարկումները
30 ՀՈԿ 2025 07:03

Թրամփը հրամայել է վերսկսել ԱՄՆ միջուկային փորձարկումները
30 ՀՈԿ 2025 07:03
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ 33 տարվա դադարից հետո։ Այս անակնկալ հայտարարությունը նա արել է Truth Social սոցիալական ցանցում՝ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առևտրային բանակցություններ սկսելուց րոպեներ առաջ։ Թրամփը նշել է, որ Պենտագոնին հանձնարարել է փորձարկել ԱՄՆ միջուկային զինանոցը «հավասար հիմունքներով»՝ ի պատասխան մյուս միջուկային տերությունների գործողությունների։ «Այդ գործընթացը կսկսվի անհապաղ», - գրել է նա։
Թրամփի որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Չինաստանի կողմից իր միջուկային զինանոցի սրընթաց ընդլայնմամբ և Ռուսաստանի կողմից նոր սպառազինությունների փորձարկումներով։ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներով՝ Պեկինը վերջին 5 տարում կրկնապատկել է իր միջուկային զինանոցը՝ հասցնելով այն մոտ 600 մարտագլխիկի, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը այդ թիվը կգերազանցի 1000-ը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը վերջերս հայտարարել է «Պոսեյդոն» միջուկային գերտորպեդի և «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկումների մասին։ Թրամփը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Պուտինի քայլերը, նշել է, որ նա «հրթիռներ փորձարկելու փոխարեն» պետք է զբաղվի Ուկրաինայում պատերազմի ավարտով։
Թրամփի հայտարարությունն արդեն իսկ առաջացրել է բացասական արձագանք։ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Դինա Տիտուսը հայտարարել է, որ կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն՝ այս գործընթացը կասեցնելու համար։ Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի տնօրեն Դերիլ Քիմբոլի կարծիքով՝ ԱՄՆ-ին առնվազն 36 ամիս կպահանջվի Նևադայի նախկին փորձադաշտում ստորգետնյա միջուկային փորձարկումները վերսկսելու համար։ Նա Թրամփի որոշումը որակել է «ոչ տեղեկացված» և զգուշացրել, որ այն «կարող է հրահրել միջուկային փորձարկումների շղթայական ռեակցիա ԱՄՆ-ի հակառակորդների կողմից և խարխլել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը»։
Առայժմ հստակ չէ, թե արդյոք խոսքը վերաբերում է միջուկային պայթյունով փորձարկումներին, թե միջուկային մարտագլխիկներ կրելու ընդունակ հրթիռների փորձնական թռիչքներին։ Սակայն ցանկացած դեպքում, փորձագետները համոզված են, որ Ռուսաստանն ու Չինաստանը նման քայլը կդիտարկեն որպես ԱՄՆ ռազմավարական հզորության ցուցադրման միտումնավոր քայլ։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային փորձարկում իրականացրել է 1992 թվականին, Ռուսաստանը՝ 1990-ին, իսկ Չինաստանը՝ 1996-ին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել