Սաուդյան Արաբիան՝ Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակից
19 ՆՈՅ 2025 06:08

Սաուդյան Արաբիան՝ Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակից
19 ՆՈՅ 2025 06:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը հյուրընկալելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին, հայտարարել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության որակական նոր մակարդակի մասին։ Չնայած լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության շուրջ չթուլացող հակասություններին՝ այցի արդյունքում կողմերը կնքել են պաշտպանական, միջուկային և տեխնոլոգիական ոլորտներին վերաբերող մի շարք կարևոր համաձայնագրեր։
Հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը կտրուկ պաշտպանել է գահաժառանգին՝ հայտարարելով, որ Մուհամմեդ բին Սալմանը «ոչինչ չգիտեր» 2018 թվականին սաուդցի գործակալների կողմից լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին։ Այս դիրքորոշումը ուղղակիորեն հակասում է ԱՄՆ հետախուզական համայնքի գնահատականին, որի համաձայն՝ սպանության հրամանը տրվել էր հենց գահաժառանգի կողմից։ «Շատ մարդիկ չէին սիրում այն ջենտլմենին, որի մասին խոսում եք։ Բաներ են պատահել, բայց նա ոչինչ չգիտեր դրա մասին, և մենք կարող ենք սրանով սահմանափակվել», - ասել է Թրամփը՝ նստած լինելով բին Սալմանի կողքին։
Իր հերթին, Մուհամմեդ բին Սալմանը Խաշոգջիի մահը որակել է «ցավալի» և «հսկայական սխալ»՝ հավելելով, որ իր կառավարությունը «ձեռնարկել է հետաքննության բոլոր ճիշտ քայլերը» և բարելավել է համակարգը՝ նման դեպքերը բացառելու համար։
Չնայած այս սուր հարցին՝ այցը նշանավորվեց երկկողմ հարաբերությունների խորացմամբ։ Սպիտակ տանը կայացած պաշտոնական ընթրիքի ժամանակ Թրամփը հայտարարել է.
«Մենք մեր ռազմական համագործակցությունը հասցնում ենք էլ ավելի բարձր մակարդակի»՝ Սաուդյան Արաբիային շնորհելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի (Major Non-NATO Ally) կարգավիճակ։ Սա Էր-Ռիադին տրամադրում է ռազմական և տնտեսական արտոնություններ, սակայն չի ենթադրում անվտանգության փոխադարձ պարտավորություններ, ինչպիսիք գործում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների միջև։
Այցի շրջանակներում կողմերը ստորագրել են Ռազմավարական պաշտպանական համաձայնագիր, որը, ըստ Սպիտակ տան, «ամրապնդում է զսպումը ողջ Մերձավոր Արևելքում» և հեշտացնում է ամերիկյան պաշտպանական ընկերությունների գործունեությունը թագավորությունում։ Հաստատվել է նաև զենքի խոշոր գործարք. Թրամփը հավանություն է տվել ապագայում Սաուդյան Արաբիային F-35 ժամանակակից կործանիչների մատակարարմանը, ինչպես նաև 300 ամերիկյան տանկի վաճառքին։ F-35-ների մատակարարումը (Էր-Ռիադը ցանկանում է գնել 48 միավոր) կարող է փոխել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ մինչ այժմ Իսրայելը միակ երկիրն էր Մերձավոր Արևելքում, որն ուներ այս տեսակի կործանիչներ։
Բացի պաշտպանական ոլորտից, համագործակցությունը ընդլայնվել է նաև տեխնոլոգիաների և էներգետիկայի բնագավառներում։ Ստորագրվել են համատեղ հայտարարություն՝ քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր՝ արհեստական բանականության և կարևոր հանքանյութերի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Մուհամմեդ բին Սալմանը, իր հերթին, խոստացել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի ներդրումների ծավալը 600 միլիարդ դոլարից հասցնել 1 տրիլիոն դոլարի՝ իր «Տեսլական 2030» ծրագրի շրջանակներում։
Հանդիպման օրակարգում է եղել նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Թրամփը նշել է, որ «դրական արձագանք» է ստացել այս հարցում, սակայն գահաժառանգը հստակեցրել է, որ չնայած «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու ցանկությանը, իր պայմանը մնում է անփոփոխ՝ Իսրայելը պետք է ճանապարհ բացի Պաղեստինի պետության ստեղծման համար։
Գահաժառանգի այցը, որը նրա առաջինն էր Սպիտակ տուն վերջին յոթ տարում, ուղեկցվել է շքեղ արարողակարգով։ Իսկ նրա պատվին կազմակերպված պաշտոնական ճաշին, ի թիվս այլոց, ներկա են եղել նաև Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և գործարար Իլոն Մասկը։ Այս այցը դիտարկվում է որպես Մուհամմեդ բին Սալմանի միջազգային հեղինակության վերականգնման և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու կարևոր քայլ, որը նա, ըստ շատ փորձագետների, հաջողությամբ իրագործեց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել