Թրամփը խոսել է այրվող աշխարհի, Սիրիայի նոր ղեկավարի և 2 տրիլիոն դոլարի մասին
11 ՆՈՅ 2025 06:34

Թրամփը խոսել է այրվող աշխարհի, Սիրիայի նոր ղեկավարի և 2 տրիլիոն դոլարի մասին
11 ՆՈՅ 2025 06:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով համաշխարհային քաղաքականությանը՝ Սիրիայից մինչև Հնդկաստան։ Նաև ներամերիկյան թեմաներին է անդրադարձել՝ խոստանալով նոր հատկացումներ, եթե իրեն աջակցեն և նոր ծախսեր՝ հակառակ դեպքում։
Իր խոսքում Թրամփը ներկայացրել է աշխարհի ներկա վիճակի իր տեսլականը՝ նշելով․ «Աշխարհը կրակի մեջ է»։ Նա ընդգծել է Միացյալ Նահանգների կենտրոնական դերը՝ հավելելով․ «Աշխարհը Միացյալ Նահանգներն է։ Մինչ իմ գալը, աշխարհը թալանում էր մեզ»։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Թրամփը բարձր է գնահատել Թուրքիայի նախագահի գործունեությունը։ «Էրդողանը հիանալի առաջնորդ է, և նա մեծապես կողմ է նրան, ինչ կատարվում է Սիրիայում», - նշել է նա։
Հատկանշական էր նրա դրական գնահատականը Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի վերաբերյալ։ Ըստ Թրամփի՝ աշ-Շարաան կարող է Սիրիան հաջողության հասցնել։ «Մարդիկ ասում են, որ նա դաժան անցյալ ունի, բայց նա հնարավորություն չէր ունենա, եթե չունենար դաժան անցյալ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ներքին տնտեսական օրակարգի շրջանակում Թրամփը խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնակչությանը։ «Մենք մեր միջին և ցածր եկամուտ ունեցող մարդկանց մոտ 2000 դոլարի չափով շահաբաժին կտրամադրենք։ Մենք նաև մաքսատուրքերը կօգտագործենք մեր պարտքը նվազեցնելու համար», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել է պոտենցիալ ֆինանսական ռիսկերի մասին, եթե իր քաղաքականությունը չպաշտպանեն կամ մաքսատուրքերի բարձրացումը չեղարկեն․ «Իրական գումարը, որը մենք պետք է հետ վճարեինք մաքսատուրքերից ստացված եկամուտների և ներդրումների տեսքով, կգերազանցի 2 տրիլիոն դոլարը, և դա ինքնին կլինի ազգային անվտանգության աղետ»։
Մաքսատուրքերի համատեքստում Թրամփը անդրադարձել է Հնդկաստանին՝ խոստանալով նվազեցնել այդ երկրի վրա դրված մաքսատուրքերը։ Խոսելով հնդկական կողմի հետ հարաբերությունների մասին՝ Թրամփը նշել է․ «Նրանք հիմա ինձ չեն սիրում, բայց նորից կսիրեն մեզ»։ Միաժամանակ, բարձր է գնահատել Հնդկաստանը՝ այն նկարագրելով որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի տուն և «իրականում աշխարհի ամենամեծ երկիրը», որն ունի ավելի քան 1,5 միլիարդ բնակչություն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել